Հայաստան

ՀՀ դեսպանն ու Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտային հարցեր

2 րոպեի ընթերցում

ՀՀ դեսպանն ու Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտային հարցեր

Ղազախստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպել է Ղազախստանի փոխվարչապետ, արհեստական բանականության և թվային զարգացման նախարար Ժասլան Մադիևի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ղազախստանում ՀՀ դեսպանությունը։

Նշվում է, որ հանդիպմանը դիտարկվել են հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության հեռանկարները բարձր տեխնոլոգիաների, թվային փոխակերպման և արհեստական բանականության ոլորտներում։ Այդ համատեքստում վերահաստատվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն․Փաշինյանի՝ 2025թ․ նոյեմբերին Ղազախստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Ղազախստանի Հանրապետության արհեստական բանականության և թվային զարգացման նախարարության միջև համագործակցության Հուշագրի դրույթների գործնական իրականացման կարևորությունը։

Հաղորդվում է, որ Արմեն Ղևոնդյանի կողմից ներկայացվել են նաև կիսահաղորդիչների և արհեստական բանականության, դատա-կենտրոնի և նորարարական տեխնոլոգիաների ներդրման մասով Հայաստանի Հանրապետության կողմից արձանագրած վերջին զարգացումները, որոնք կոչված են ամրագրել Հայաստանի վարկանիշը՝ որպես կարևոր տեխնոլոգիական հանգույցի։

Իր հերթին, Ղազախստանի փոխվարչապետ Ժասլան Մադիևը տեղեկացրել է Աստանայում հիմնադրած արհեստական բանականության «Alem.ai» միջազգային կենտրոնի զարգացման վերաբերյալ, որի շրջանակներում մոտ ժամանակներս իր գործունեությունը կծավալի «TUMO» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը։

Նշվում է, որ հանդիպման արդյունքներով վերահաստատվել է երկխոսությունը շարունակելու և հետագա շփումների շրջանակներում համագործակցության հստակ ուղղությունների մշակման մասով փոխադարձ պատրաստակամությունը:

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում