Տնտեսություն

Վրաստանի հետ քննարկել ենք բոլոր հարցերը. Փաշինյանը՝ Վրաստանի կողմից սահմանին հայկական բեռնատարների անցումը խոչընդոտելու հարցի մասին

3 րոպեի ընթերցում

Վրաստանի հետ քննարկել ենք բոլոր հարցերը. Փաշինյանը՝  Վրաստանի կողմից սահմանին հայկական բեռնատարների անցումը խոչընդոտելու հարցի մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ  Վրաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում վրացի գործընկերների հետ քննարկել է երկկողմ օրակարգի բոլոր հարցերը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին, թե արդյոք այցի շրջանակներում բարձրացրել է Վրաստանի մաքսային մարմինների կողմից Հայաստանի տնտեսվարողների նկատմամբ սահմանին հարուցվող խոչընդոտների հարցը։

«Մենք մեր օրակարգի բոլոր հարցերը քննարկել ենք թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ տրանսպորտային և թե՛ մնացած բոլոր հարցերը։ Այդ քննարկումների արդյունքում եկել ենք կոնկրետ եզրակացությունների, պայմանավորվածությունների՝ աշխատանքի հետագա կազմակերպման համար։ Բնականաբար, բոլոր հարցերը քննարկել ենք և բոլորի հետ կապված կոնկրետ պայմանավորվածություններ ենք ձեռք բերել»,- նշել է վարչապետը։

Անդրադառնալով Գառնիկ Դանիելյանի հարցին, թե վրացի պաշտոնյաների հետ քննարկումների ժամանակ ուղիղ բարձրացրել է այն հարցը, որ վրացի մաքսավորները հայկական բեռնատարներին օրերով ու ամիսներով պահում են անցակետում և միայն կաշառքի դիմաց են բաց թողնում բեռնատարները՝ Նիկոլ Փաշինյանը պատգամավորին մեղադրեց սադրանքի մեջ։

«Ոչ մի անակնկալ  չկա, որ դուք ոչ թե հարց եք տալիս, այլ սադրանքով եք զբաղված։ Ես կարծում եմ, որ դուք ձեր սադրանքներով ցանկանում եք խնդիրներ ստեղծել, որ հետո էլի գաք այստեղ այդ խնդիրների մասին խոսեք։ Կառավարությունն ապահովում է Հայաստանի տրանսպորտային արտահանման և ներմուծման խնդիրների լուծումը, իսկ եթե դուք այլ ինֆորմացիա ունեք, իրավապահներին պետք է դիմեք, իսկ եթե չեք դիմել, ուրեմն դուք պարզ սադրանքով եք զբաղված, ուրիշ ոչ մի բանով։ Բոլոր հարցերը, որ կան Հայաստանի և Վրաստանի օրակարգում, քննարկվել են»,- եզրափակեց Փաշինյանը։

Վերջին օրերին տարբեր լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում, որ Հայաստան-Վրաստան սահմանային անցակետում վրացական կողմը խոչընդոտներ է ստեղծում արտահանում իրականացնող հայկական բեռնատարների համար՝ առանց հիմնավորման բեռնատարների անցումը թույլ չտալով և դրանք օրերով ու ամիսներով անցակետում պահելով։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում