Գեղարքունիքի մարզպետի մոտ քննարկվել են «Հայաստանի արահետներ» ծրագրի շրջանակներում նախատեսվող առաջիկա անելիքները
2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի մոտ քննարկվել են «Հայաստանի արահետներ» ծրագրի իրականացման հետ կապված առաջիկա անելիքները։
«Արմենպրես»-ի թղթակցին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից հայտնեցին, որ «Հայաստանի արահետներ» ծրագրի իրականացման հետ կապված հարցերի քննարկման նպատակով Գեղարքունիքի մարզպետն ընդունել է Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի տնօրեն Գոհար Գրիգորյանին, «ՍԵՊՖԱ ԶԱՐԳԱՑՈՒՄ» հիմնադրամի «Հայաստանի արահետներ» ծրագրի պատասխանատու Նազելի Մաշուրյանին և ծրագրի երիտասարդների հետ աշխատանքների համակարգող Անուշ Ստեփանյանին։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են «Հայաստանի արահետներ» ծրագրով Գեղարքունիքի մարզում համատեղ իրականացված աշխատանքներին ու առաջիկայում նախատեսվող քայլերին՝ Գեղարքունիք – Ֆրանսիայի Իզերի մարզ ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում, ֆրանսիական «Աֆրատ» տուրիստական կազմակերպության հետ համագործակցությամբ։
«Առաջիկայում նախատեսվում է կառուցել ռեսուրս կենտրոններ, որոնք ձևավորվում են «Հայաստանի արահետներ» ծրագրի շրջանակում և միտված են էկոտուրիստական գոտիների ստեղծմանը՝ խթանելով բնության պահպանությունը, կայուն զբոսաշրջության զարգացումն ու համայնքների ակտիվ ներգրավվածությունը»,-հայտնեցին մարզպետի աշխատակազմից։