Սոցիալական հարցեր

Միջին կենսաթոշակը նվազագույն սպառողական զամբյուղից բարձր կլինի. Թորոսյան

2 րոպեի ընթերցում

Միջին կենսաթոշակը նվազագույն սպառողական զամբյուղից բարձր կլինի. Թորոսյան

Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակների բարձրացման արդյունքում այդ գումարը նվազագույն սպառողական զամբյուղից բարձր կլինի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ թոշակների բարձրացման հարցի քննարկման ընթացքում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

«Վերջին տվյալներով՝ նվազագույն սպառողական զամբյուղը 61 768 դրամ է։ Մեր միջին կենսաթոշակը հիմա 49.451 դրամ է: Թոշակները 10 հազար դրամով բարձրացնելու որոշմամբ այն դառնում է միջինում 59.191 դրամ: Այսինքն՝ միայն կենսաթոշակն արդեն մոտենում է նվազագույն սպառողական զամբյուղին։  Բայց մենք ունենք նաև հետվճարի համակարգը (խմբ. կենսաթոշակառուները իրենց թոշակի գումարով անկանխիկ առևտուր անելու դեպքում ստանում են հետվճար՝ կատարած առևտրի 20 տոկոսը՝ առավելագույնը 10 հազար դրամ), որն ակտիվ տարածվում է։ Արդեն ունենք 415 000 քաղաքացի, որ ստանում է այդ հետվճարը։ Հետվճարի միջինը ամսական գումարը 7000 դրամ է, և երբ մենք 59000 դրամին գումարում ենք 7000 դրամը, ստացվում է 66000 դրամ, որը բարձր է նվազագույն սպառողական զամբյուղից 4500 դրամով»,- մանրամասնեց նախարարը։

Թորոսյանը մատնանշեց, որ 2025 թվականի դեկտեմբերին հետվճարից օգտվել է 400 հազար կենսաթոշակառու, իսկ հունվարին այդ թիվը 15 հազարով ավելացել է։ Նախարարի խոսքով՝ հետվճարից օգտվող թոշակառուների թիվը գնալով շատանում է։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հիշեցրեց, որ հետվճարը ստանալու համար  կենսաթոշակառուները պետք է անկանխիկ առևտուր անեն։  

Խոսելով 10 000 դրամով թոշակների ավելացման մասին՝ վարչապետն ընդգծեց, որ 2025 թվականի կանխատեսումներով տնտեսական աճը պետք է լիներ 5.1 տոկոս, սակայն եղել է 7.2 տոկոս, և թոշակների բարձրացումը տնտեսական աճի կոնկրետ թվային արտահայտությունն է: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում