Հայաստան

Մեկնարկում է բազմաբնակարան շենքերի կառավարիչների վերապատրաստման գործընթացը

2 րոպեի ընթերցում

Մեկնարկում է բազմաբնակարան շենքերի կառավարիչների վերապատրաստման գործընթացը

Ապրիլի 1-ից մեկնարկում է բազմաբնակարան շենքերի կառավարման գործառույթներ իրականացնող անձանց վերապատրաստման գործընթացը։ «Արմենպրես»-ի փոխարեն հայտնում են Քաղաքաշինության կոմիտեից, մանրամասնելով, որ վերապատրաստմանը կարող են մասնակցել ինչպես գործող կառավարիչները, այնպես էլ այն անձինք, ովքեր ցանկանում են զբաղվել կառավարչի գործունեությամբ:

Դիմումները և կից փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև մարտի 13-ը Քաղաքաշինության կոմիտեի [email protected] էլեկտրոնային հասցեով կամ e-request.am էլեկտրոնային հարթակով։

Վերապատրաստման մեկնարկի մասին հայտարարությունը, դիմումի ձևը և դասընթացի ծրագիրը հրապարակված են Քաղաքաշինության կոմիտեի www.minurban.am կայքի «Ծրագրեր» բաժնի «ԲԲՇ կառավարիչների վերապատրաստում» ենթաբաժնում։

Վերապատրաստման ծրագրի իրականացման հայտ է ներկայացրել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը։ Այլ վերապատրաստողների ծրագրերի առկայության դեպքում տեղեկատվությունը կհրապարակվի կոմիտեի կայքի նշված բաժնում։ Դասընթացները լինելու են շարունակական:

Կոմիտեից հիշեցնում են, որ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում կատարված փոփոխություններով և Կառավարության որոշմամբ՝ շենքերի կառավարման գործառույթներ իրականացնող անձանց՝ կառավարիչների համար սահմանվել են մասնագիտական որակավորման պահանջներ՝ բազմաբնակարան շենքերի արդյունավետ կառավարմանը նպաստելու նպատակով:

Նոր կարգավորումների համաձայն՝ թե՛ դասընթացի մասնակիցների, թե՛ ինքնուրույն վերապատրաստված անձանց գիտելիքներն ստուգվելու են թեստավորման եղանակով: Երկու տարվա ընթացքում վերապատրաստման չդիմած, ինչպես նաև մի քանի թեստավորումների արդյունքում բավարար միավորներ չստացած կառավարիչների տվյալները տրամադրվելու են համայնքներին՝ վերջիններիս նախաձեռնությամբ կառավարման մարմնի լիազորությունները դադարեցնելու հարցով սեփականատերերի ժողով հրավիրելու նպատակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում