Բարձր տեխնոլոգիաներ

Մխիթար Հայրապետյանը Ինժեներական քաղաքում հանդիպել է ինժեներական համայնքի հետ

3 րոպեի ընթերցում

Մխիթար Հայրապետյանը Ինժեներական քաղաքում հանդիպել է ինժեներական համայնքի հետ

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 26-ին այցելել է Ինժեներական քաղաք՝ Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի նորաբաց Ground Zero վենչուրային սրճարանում մասնակցելու ինժեներական համայնքի հետ հանդիպմանը, որին ներկա էին Ինժեներական քաղաքի ավելի քան 20 ռեզիդենտ ընկերությունների ներկայացուցիչներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։

Նախարար Հայրապետյանը ողջունել է ներկաներին՝ ընդգծելով, որ վենչուրային սրճարանի ներկայությունը Ինժեներական քաղաքում ունի կարևոր նշանակություն. նման հարթակները ձևավորում են բաց և վստահելի միջավայր, որտեղ ծնվում են նոր գաղափարներ, խրախուսվում են ստեղծարար մտածողությունը, մասնագիտական երկխոսությունը և փորձի փոխանակումը։ Նրա համոզմամբ՝ նման ոչ ֆորմալ, բայց բովանդակային շփումները հաճախ դառնում են նոր գործընկերությունների, համատեղ նախագծերի և ներդրումային նախաձեռնությունների սկիզբ՝ նպաստելով համայնքի համախմբմանը և երկարաժամկետ զարգացմանը։

Անդրադառնալով Կառավարության ռազմավարական առաջնահերթություններին՝ նախարար Հայրապետյանը կարևորել է Հայաստանում ինժեներական կարողությունների շարունակական զարգացումը։ Այս համատեքստում Հայրապետյանն ընդգծել է, որ Ինժեներական քաղաքի մոդելի ընդլայնումն ու տարածումը մարզերում պետական քաղաքականության առանցքային ուղղություններից են։

Ground Zero-ի հիմնադիր Կարեն Գյուլբուդաղյանը ներկայացրել է նախաձեռնության գաղափարական հիմքերը՝ շեշտելով, որ նախագիծը ոչ միայն առևտրային գործունեություն է, այլև համայնքային յուրօրինակ հարթակ և մոդել։ Նրա խոսքով՝ տարածքը նախատեսված է ծառայելու որպես նոր գաղափարների ձևավորման, մասնագիտական քննարկումների, միջոցառումների կազմակերպման և համայնքային ակտիվության խթանման կենտրոն։

Հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումները, առաջարկներն ու հարցադրումները, իսկ նախարարը կիսվել է ոլորտի զարգացման տեսլականով և Կառավարության ռազմավարական մոտեցումներով։ Քննարկվել են ոլորտի զարգացմանն առնչվող առաջնահերթություններն ու համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև Հայաստանի ինժեներական ոլորտի համար բացվող նոր հնարավորությունները և առկա մարտահրավերները։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում