Ընթանում են Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնության նախապատրաստական վերջին աշխատանքները
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այցելել է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր՝ տեղում ծանոթանալու Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնության նախապատրաստական վերջին աշխատանքները։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Հասմիկ Ավագյանը հետաքրքրվել է աշխատանքների ընթացքով՝ ընդգծելով դրանք հավուր պատշաճի և կազմակերպված իրականացնելու անհրաժեշտությունը:
Առաջնության նախընթաց օրը համալիրում իրականացվել են կահավորման վերջին շտկումները, բացման արարողության շրջանակում մշակութային միջոցառման փորձերը, փորձարկվել են լուսաձայնային սարքավորումները:
Հայաստանն առաջին անգամ ընդունում է Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա փետրվարի 27-ին՝ ժամը 19:00-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Առաջնությանը կմասնակցեն 40 երկրների պատվիրակություններ, այդ թվում՝ 450 մարզիկ և մարզիչ, ինչպես նաև շուրջ 150 պաշտոնական ներկայացուցիչ։ Կխաղարկվի մեդալների 70 հավաքածու։ Մրցումները կմեկնարկեն մարտի 1-ից։ Յուրաքանչյուր վարժություն կունենա որակավորման և եզրափակիչ փուլ։