Աստղաձոր գյուղում 2018-2025 թթ-ին սոցիալ-տնտեսական նշանակության 21 ծրագիր է իրականացվել
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Աստղաձոր գյուղում 2018-2025 թվականներին սուբվենցիոն և պետական ծրագրերով սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության 21 ծրագիր է իրականացվել, որոնց ուղղությամբ կատարված ներդրումները կազմում են 1 միլիարդ 916 միլիոն 203 հազար 937 դրամ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Աստղաձորի վարչական ղեկավար Մխիթար Ալեքսանյանը, 19 սուբվենցիոն և 2 պետական ծրագրի իրականացման արդյունքում Աստղաձորում 2018-2025 թվականների ընթացքում կառուցվել է 8125 մետր խմելու, 13458 մետր ոռոգման ջրատարներ, 1530 մետր երկարության արտաքին լուսավորության ցանց, մինի ֆուտբոլի խաղադաշտ, 2100 մետր գազատար, խմելու և ոռոգման ջրի 2 խորքային հոր, 1 մոդուլային մանկապարտեզ։
Աստղաձորի մոդուլային մանկապարտեզը կառուցվել է պետական միջոցներով՝ 926 միլիոն 450 հազար դրամ արժեքով։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականին և ավարտվել 2025 թվականին։ Մանկապարտեզը բացվել է 2025 թվականի մարտին՝ 4 խմբով, որտեղ հաճախում է 84 երեխա։ Աստղաձորում երբևէ մանկապարտեզ չի գործել, այս կառույցը բացառիկ նվեր է գյուղի բնակչության համար։ Մինի ֆուտբոլի խաղադաշտը կառուցվել է պետություն-համայնք համաֆինանսավորմամբ։