Հայտնի է «Գավառ համայնքի մասնակցային բյուջետավորում-2026» գործընթացի հաղթող նախագիծը
2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում արդեն հայտնի է «Մասնակցային բյուջետավորում» գործընթացի հաղթող նախագիծը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, «Գավառ համայնքի մասնակցային բյուջետավորում-2026» ծրագրի շրջանակներում համայնքի ակտիվ երիտասարդների և երիտասարդական կազմակերպությունների կողմից ներկայացվել էր 9 ծրագրային առաջարկ, որոնցից նախնական գնահատման արդյունքում քվեարկության փուլ էր անցել 4-ը։ Քվեարկության արդյունքներով ներկայացված նախագծերն ունեցել են հետևյալ արդյունքները՝ «Գավառ համայնքում ժամանակակից կինոդահլիճի կապիտալ վերանորոգում»՝ 24,321 դիտում, 4,168 հավանում, «Անվտանգ բակ՝ ուրախ մանկություն Կաբելագործների փողոցում»՝ 3,459 դիտում, 251 հավանում, «Ակտիվ երիտասարդություն՝ կենսուրախ համայնքի համար»՝ 612 դիտում, 125 հավանում, «Սերունդների կամուրջ»՝ 661 դիտում, 118 հավանում։
Հաղթող է ճանաչվել «Գավառ համայնքում ժամանակակից կինոդահլիճի կապիտալ վերանորոգում» նախագիծը, որը մշակվել է գործընթացի պահանջներին համապատասխան և համայնքապետարանի համապատասխան բաժինների ու մասնագետների կողմից լրամշակումից հետո մինչև մարտի 15-ը կներկայացվի ՀՀ կառավարության լիազոր մարմնին։
Գավառ համայնքի ավագանու համապատասխան որոշմամբ մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման համար համայնքի 2026 թվականի բյուջեից հատկացվել է 15 միլիոն դրամ։