Հայաստանում Իրանի դեսպանը ԵՊՀ-ում հանդիպել է միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ
6 րոպեի ընթերցում
Երևանի պետական համալսարանում կայացավ Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի հանդիպումը բուհի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի աշխատակազմի և ուսանողների հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Տիգրան Եփրեմյանը նշեց, որ Խալիլ Շիրղոլամին ոչ միայն դիվանագետ է, այլև գիտնական, որովհետև աշխատել է Իրանի քաղաքականության և միջազգային հետազոտությունների ինստիտուտում:
«Խալիլ Շիրղոլամին շատ քաջատեղյակ է այն իրադարձություններից, որոնք տեղի են ունենում մեր տարածաշրջանում։ Հույս ունեմ, որ նրա հետ կունենանք շատ հետաքրքիր և օգտակար քննարկում։ Հայտնի է, թե Իրանն ինչպիսի կարևոր նշանակություն ունի մեզ համար։ Պատմականորեն այդ երկիրը համարվում է մեր լավագույն հարևաններից մեկը, ինչը նույնպես առանձնահատուկ կերպով բնութագրում է հայ-իրանական հարաբերությունները»,- ասաց Եփրեմյանը։
Ողջունելով միջազգային հարաբերությունների ֆակուլտետի աշխատակազմին և ուսանողներին՝ Խալիլ Շիրղոլամին նշեց, որ Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններն ավելի լավ ընկալելու և միջազգային հարաբերություններն ավելի խորքային վերլուծելու համար անհրաժեշտ է ծանոթանալ առկա աշխարհակարգին և դրանում տեղի ունեցող համապարփակ փոփոխություններին։
«Այսօր շատ է խոսվում այն մասին, որ գործող աշխարհակարգը ենթարկվում է էական փոփոխությունների։ Վստահաբար կան բազմաթիվ փաստեր, որոնք վկայում են այդ մասին։ Մենք ականատեսն ենք խառնաշփոթ մի իրավիճակի, որի պայմաններում անորոշությունն իսկապես մեծ է։ Ականատես ենք լինում նաև բազմաթիվ շոկերի, որոնք բարդացնում են վերլուծությունները։ Մերկանտիլիզմն առկա է ոչ միայն տնտեսական քաղաքականության, այլև միջազգային հարաբերությունների ոլորտում։ Նախկինում բազմաթիվ շահերի հանրագումարի շնորհիվ ստեղծվել էին խաղի ընդհանուր կանոններ։ Միջազգային նորմերն ու օրենքներն այնքան զորեղ էին, որ հնարավոր չէր աշխատել դրանց սահմաններից դուրս։ Մինչդեռ մերօրյա աշխարհում ականատես ենք լինում, թե ինչպես են այդ նորմերն ու օրենքները խաթարվում»,- ասաց Շիրղոլամին։
Դեսպանի դիտարկմամբ՝ ի սկզբանե, երբ առաջ էր քաշվում հեգեմոնիայի գաղափարը համաշխարհային քաղաքականության մեջ, գլխավոր դերակատարները պնդում էին, որ առավել կարևոր նշանակություն ունեին այդ օրենքները մշակողներն ու կյանքի կոչողները, որովհետև նրանք էին պատասխանատու այդ օրենքների ներդաշնակության և բոլորի ապահովության համար։
«Մենք այժմ գտնվում ենք այն իրավիճակում, երբ հեգեմոն դիրք ունեցողը ձգտում է միանձնյա օգտվել այդ կարգավիճակից ու դրանից բխող օգուտներից, սակայն չի ընդունում նույն կարգավիճակից բխող իր պարտավորությունները։ Ժամանակին ընդունված օրենքներն այսօր արդեն չեն գործում և կարող են փոփոխվել յուրաքանչյուր օր։ Մենք առնչվում ենք այնպիսի նոր իրողության հետ, ինչպիսին նոր խաղացողների հայտնությունն է, սակայն նրանք դեռ կասկածում են, թե արդյո՞ք կունենան հստակ դերակատարություն։ Բնականաբար, տարբեր երկրների արձագանքներն այս խառնաշփոթության վերաբերյալ տարբեր են։ Որոշ երկրներ իրենց արտաքին քաղաքականությունն իրականացնելիս վերադառնում են ռազմական դոկտրինի կիրառմանը»,- նշեց դիվանագետը։
Շիրղոլամին հավելեց, որ շատ երկրներ ընդունում են հեգեմոնիայի կանոնները՝ ցուցաբերելով հարմարվողականություն, որովհետև իրենց համար այդպես հեշտ է, մինչդեռ որոշ պետություններ պայքարում են դրա դեմ՝ պնդելով, որ կարող են ինքնուրույն կայացնել որոշումներ։
Դիմելով ԵՊՀ միջազգային ֆակուլտետի ուսանողներին՝ դեսպանն ընդգծեց, որ վերջիններս կարող են ավելի շատ բան սովորել միջազգային հարաբերությունների և միջազգային իրավունքի մասին՝ խոսելով ավելի բարձր և ավելի հզոր դիրքերից։ Ներկայացնելով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը՝ Շիրղոլամին անդրադարձավ մասնավորապես վերջին զարգացումներին։
«Անցնող շաբաթների ընթացքում տեսանք Իրանի շուրջ ամերիկյան ռազմական ուժի կուտակումներ։ Նրանք կարծում են, որ մեկ կացութաձևը պետք է հարմար լինի բոլորի համար։ Եթե երկրներից մեկը մյուսի սահմանների անմիջական հարևանությամբ կուտակում է այդքան շատ սպառազինություն, դա ոմանց կարող է վախ ներշնչել, սակայն Իրանին լավ չեն ճանաչում և սխալ պատկերացում ունեն մեր երկրի մասին»,- ասաց Շիրղոլամին։
Դեսպանի խոսքով՝ հին քաղաքակրթությունների հետ հարաբերվելիս բիզնես մոտեցումը չի աշխատում, առավել ևս այն քաղաքակրթության պարագայում, որն ունի յոթհազարամյա պատմություն։
«Առաջին անգամ չէ, որ մենք առնչվում ենք նման մոտեցման հետ։ Մեր ինքնությունը մեր պարծանքն է, մեր արժանապատվությունը, ուստի հարիր չէ նման մոտեցում ցուցաբերել հին քաղաքակրթություն ունեցող երկրների ու ժողովուրդների նկատմամբ։ Իրանն ընդհանրապես վախ չի զգում իր շուրջը կուտակվող հսկայական ռազմուժի առթիվ։ Մշտապես ասել ենք և հիմա էլ ասում ենք, որ եթե Միացյալ Նահանգները պատրաստ է անկեղծ ու արդար երկխոսության, ապա իրանական կողմը միանշանակ կմասնակցի բանակցություններին։ Իրանի դեմ ոտնձգությունների դեպքում կլինի համարժեք պատասխան։ Բնականաբար, հնարավոր չէ պատերազմից որևէ լավ բան սպասել։ Ոչ ոք պատերազմ չի ուզում, բայց այնպես չէ, որ կարող են մի հին քաղաքակրթության ստիպել հանձնվել։ Անցել է այն դարաշրջանը, երբ մի երկիր, մեկ ուժ կամ մեկ ղեկավար կարող էր որոշումներ կայացնել ամբողջ աշխարհի համար»,- եզրափակեց Շիրղոլամին։