ՀՀ վարչապետը հանդիպել է Լեհաստանում օտարերկրյա դեսպանների, դիվանագետների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ

6 րոպեի ընթերցում

Պաշտոնական այցով Լեհաստանի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտ, հանդիպել Լեհաստանում օտարերկրյա դեսպանների, դիվանագետների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ:

«Արմենպրես»--ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, անդրադարձել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը։ Նա ընդգծել է, որ խաղաղության ճարտարապետությունը հիմնված է 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա և խաղաղության գործընթացն իր գագաթնակետին է հասել օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ և մասնակցությամբ Ադրբեջանի նախագահի հետ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շրջանակի մասին ընդունված համատեղ հռչակագրի ստորագրմամբ: Վարչապետի խոսքով՝ առանց ԱՄՆ նախագահի մասնակցության, անձնական ներգրավվածության և նախաձեռնության խաղաղության գործընթացն անորոշ կլիներ, և միանշանակ է, որ ԱՄՆ նախագահի նախաձեռնությունը և մասնակցությունը շատ կարևոր դեր է խաղացել տարածաշրջանում խաղաղության համար:

«Հիմա շատ կարևոր է ընդգծել, որ 2025 թվականն առաջին տարին էր մեր անկախացումից ի վեր, երբ հայկական և ադրբեջանական զորքերի միջև հրաձգությունների պատճառով չեղան սահմանային զոհեր: Եվ հիմա կա իրական խաղաղություն մեր տարածաշրջանում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։ 

նա հավելել է նաև, որ խաղաղությունը կառուցման փուլում է, որի մասին պետք է հոգ տանել: 

«Դա է հիմնական գաղափարը, որը ես փորձում եմ ներկայացնել մեր ժողովրդին, որ այժմ մենք ունենք խաղաղություն, բայց խաղաղությունը պետք է ամրապնդել, ինստիտուցիոնալ դարձնել, և դրա համար մեզ անհրաժեշտ է շարունակաբար ջանք գործադրել, քանի որ խաղաղությունը կա, բայց այն չի կարող անուշադրության մատնվել, այլապես այն կարող է ոչնչանալ»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման համար այնպիսի կարևոր փուլերի մասին, որոնցից է՝ 2022-ի հոկտեմբերի 6-ին Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի շրջանակում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հրավերով Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումը։ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ դրանով Հայաստանը և Ադրբեջանը որոշեցին ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և քաղաքական անկախությունը՝ հիմնվելով Ալմա-Աթայի հռչակագրի վրա։

Իր ելույթում ՀՀ վարչապետն անդրադարձել է նաև ձեռք բերված համաձայնությունների իրագործման ուղղությամբ տարվող աշխատանքներին, խոսել ռազմավարական ներդրումային ծրագրի՝ Թրամփի ուղու, տարածաշրջանային հաղորդակցության ապաշրջափակման մասին:

«Շատ կարևոր է նշել, թե հիմա ինչ է լինելու, ինչ է միջազգային խաղաղության և բարեկեցության Թրամփի ուղին: Ինչպես ասացի, դա ներդրումային նախագիծ է Հայաստանի տարածքում և այն ներառելու է երկաթուղի Հայաստանի տարածքով, որը կկապակցի արևելքը և արևմուտքը, այդ թվում՝ Ադրբեջանի հիմնական մասը Նախջևանի Ինքնավար Հանրապետության հետ և կբացի երկաթուղային կապը Հայաստանի համար դեպի հարավ: Ինչ խոսք, այն նաև նոր հնարավորություններ կստեղծի Եվրոպական Միության համար, քանի որ գիտեք, աշխարհաքաղաքական իրավիճակի բերումով այժմ մենք մատակարարման շղթաների ճգնաժամ ունենք աշխարհում, և Թրամփի ուղին, որը Հայաստանի Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շատ կարևոր մաս է, նոր ճանապարհ, նոր մատակարարման ուղի կստեղծի արևելքից արևմուտք, Եվրոպական միությունից դեպի Կենտրոնական Ասիա, Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպական միություն»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

Իր ելույթում վարչապետն անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, ընդգծել, որ վերջին տարիներին բավականին ակտիվ երկխոսություն կա Թուրքիայի հետ:

«Ինչ խոսք, մենք երախտապարտ ենք մեր հարևաններին ևս, քանի որ շատ կարևոր է նշել, որ մեր հարևանները` Վրաստանը և Իրանը միշտ աջակցել են այս խաղաղության գործընթացին»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ տարածաշրջանի բոլոր պետություններն արդեն զգում են խաղաղության օգուտները և համոզմունք հայտնել, որ այս գործընթացը կհաշտեցնի ամբողջ տարածաշրջանը։

Ամփոփելով իր խոսքը՝ երկրի ղեկավարը նշել է.

«Մենք բոլորս Հարավային Կովկասը համարում ենք մեր տունը, և մեզ անհրաժեշտ է հոգ տանել Հարավային Կովկասի մասին: Ես հավատացած եմ, որ այս գործընթացն սկիզբ է առել, և անկեղծ ասեմ՝ իմ տպավորությունն է և իմ համոզմունքն է, որ այս խաղաղությունը և այս կառուցողական գործընթացն անշրջելի են»։

Այնուհետև վարչապետը պատասխանել է Լեհաստանում օտարերկրյա դեսպանների, դիվանագետների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին։

Հայերեն English Français Русский

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին