Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն Կիևից պահանջել է դադարեցնել հարձակումներն ամերիկյան տնտեսական շահերի դեմ

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն Կիևից պահանջել է դադարեցնել հարձակումներն ամերիկյան տնտեսական շահերի դեմ

ԱՄՆ պետքարտուղարությունն Ուկրաինայի կառավարությանը զգուշացրել է, որ Կիևի հարձակումները Նովոռոսիյսկի նավթային օբյեկտների վրա ազդել են Ղազախստանում ամերիկյան ներդրումների վրա, և պահանջել է զերծ մնալ դրանցից։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է CNN-ից, այս մասին հայտնել է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օլգա Ստեֆանիշինան ճեպազրույցի ժամանակ։

«Մենք լսել ենք, որ ուկրաինական հարձակումները Նովոռոսիյսկի վրա ազդել են որոշ ամերիկյան ներդրումների վրա, որոնք իրականացվում են Ղազախստանի միջոցով։ Եվ մենք Պետքարտուղարությունից լսել ենք, որ պետք է զերծ մնանք ամերիկյան շահերի դեմ հարձակումներից», - ասել է Ստեֆանիշինան՝ պարզաբանելով, որ պաշտոնական դիվանագիտական ​​ծանուցում է ստացել Պետքարտուղարությունից:

Դիվանագետը հավելել է, որ ԱՄՆ-ն չի ակնարկել, որ Կիևը պետք է զերծ մնա Ռուսաստանի ռազմական և էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումներից։

«Դա կապված էր հենց այն փաստի հետ, որ դա ազդել է ամերիկյան տնտեսական շահերի վրա։ Մենք դա հաշվի ենք առել»,- նշել է դեսպանը։

Նրա խոսքով՝ Պետքարտուղարության ծանուցման մեջ նշվել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինայում չունի այնպիսի տնտեսական շահեր, ինչպիսիք Ղազախստանում։ Ստեֆանիշինան ափսոսանք է հայտնել, որ անկախության 35 տարվա ընթացքում Կիևը չի կարողացել հասնել Վաշինգտոնի հետ տնտեսական փոխգործակցության նույն մակարդակին, որին հասել է Աստանան։

2025 թ. նոյեմբերի վերջին ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Նովոռոսիյսկի սևծովյան նավահանգստին՝ վնասելով ոչ միայն ռուսական շահերը, այլև կարևորագույն խողովակաշարը. սա հանգեցրեց ղազախական նավթի արտահանման զգալի անկման: Ամերիկյան Chevron էներգետիկ ընկերությունը Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի խոշոր բաժնետեր է։ Այս խողովակաշարի միջոցով ղազախական նավթահանքերից նավթը տեղափոխվում է Սև ծով՝ համաշխարհային շուկաներ արտահանման նպատակով:

Իսկ 2026 թ. հունվարին անօդաչու թռչող սարքերը հարվածել էին Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի ենթակառուցվածքի մոտ գտնվող լցանավերի, որոնք վարձակալվել էին Ղազախստանից նավթի փոխադրման համար:

Փետրվարին Ղազախստանում ԱՄՆ դեսպան Ջուլի Ստաֆտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն զբաղվում է Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի անվտանգության հարցերով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում