Ծակքար գյուղում 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական նշանակության 39 ծրագիր է իրականացվել
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծակքար գյուղում 2018-2025 թվականներին սուբվենցիոն և պետական այլ ծրագրերով սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության 39 ծրագիր է իրականացվել, որոնց ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումները կազմել են 1 միլիարդ 194 միլիոն 933 հազար դրամ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ծակքարի վարչական ղեկավար Արարատ Ավետիսյանը, իրականացված ծրագրերի արդյունքում Ծակքարում կառուցվել է 6174 մետր խմելու, 6112 մետր ոռոգման ջրատարներ, 9800 մետր արտաքին լուսավորության ցանց, հանդիսությունների սրահ, պոմպակայան, առողջության առաջնային պահպանման կենտրոնի շենք, Արցախյան պատերազմներում զոհվածների հուշահամալիր, հիմնանորոգվել մշակույթի տունը, 8000 մետր ներհամայնքային ճանապարհներ։ Վերանորոգման ընթացքի մեջ է Ծակքարի միջնակարգ դպրոցի շենքը, որի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի օգոստոսից և կավարտվեն 2026 թվականի մարտ ամսին։
Ծակքարի ԱԱՊԿ շենքի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի հոկտեմբերից և կավարտվեն 2026 թվականի աշնանը։