Աֆրիկա

Հայաստանն ու Քենիան ստորագրել են քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագիր

2 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Քենիան ստորագրել են քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագիր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Քենիայի արտաքին գործերի և սփյուռքի հարցերով նախարարության քաղաքական և դիվանագիտական գործերի գլխավոր տնօրեն Ջոսֆատ Մայկարան փետրվարի 23-ին ստորագրել են արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու մասին փոխըմբռնման հուշագիր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն։

Փաստաթղթի ստորագրմանը հաջորդել են երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև անդրանիկ քաղաքական խորհրդակցությունները՝ ՀՀ ԱԳՆ Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ Լևոն Պետրոսյանի և գլխավոր տնօրեն Ջոսֆատ Մայկարայի գլխավորությամբ։ Զրուցակիցները քննարկել են կրթության, առողջապահության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներում կապերի ակտիվացման հնարավորությունները։ Երկուստեք ընդգծվել է քաղաքական երկխոսության ամրապնդման և իրավապայմանագրային դաշտի ընդլայնման կարևորությունը: Անդրադարձ է կատարվել նաև միջազգային հարթակներում համագործակցությանը և փոխադարձ աջակցությանը: 

Քենիական կողմին են ներկայացվել է 2026թ․ Երևանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ հայկական կողմի առաջնահերթությունները։ 

Հանդիպմանը շոշափվել են Հարավային Կովկասում և Արևելյան Աֆրիկայում տեղի ունեցող վերջին զարգացումները, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող միջազգային օրակարգի այլ հարցեր։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում