Հայաստան

Կյանքից հեռացել է օպերային երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օլգա Գաբայանը

2 րոպեի ընթերցում

Կյանքից հեռացել է օպերային երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օլգա Գաբայանը

Մահացել է օպերային երգչուհի, մեցցո-սոպրանո, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օլգա Գաբայանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը։

«Օլգա Գաբայանն անգնահատելի ներդրում է ունեցել հայկական օպերային արվեստում: Տասնամյակներ շարունակ նրա մարմնավորած կերպարները հիացմունք են արթնացրել հանդիսատեսի սրտում, իսկ նրա օրինակով կրթվել են բազում սերունդներ: Սիրված երգչուհու հիշատակը հավերժ կմնա նրա արվեստի երկրպագուների սրտերում և հայ օպերային արվեստի պատմության մեջ: Օպերային թատրոնի անձնակազմը ցավակցություն է հայտնում արվեստագետի ընտանիքին, հարազատներին եւ մտերիմներին»,-ասվում է հաղորդագրության տեքստում։

Օլգա Գաբայանը ծնվել է 1940 թվականի դեկտեմբերի 27-ին։ 1966 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան։ Նույն թվականից եղել է Երևանի օպերային թատրոնի մեներգչուհի։ 1992 թվականից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։

Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայում կերտել է Ալմաստի դերը, Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ» օպերայում՝ Փառանձեմի դերը, Արմեն Տիգրանյանի «Դավիթ Բեկ» օպերայում մարմնավորել է Թամարին, Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերայում Աննայի դերն է կերտել, Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերայում մարմնավորել է Կարմենին, Ջուզեպե Վերդիի «Աիդա» օպերայում՝ Ամներիսին, Վերդիի  «Տրուբադուր» օպերայում՝ Ազուչենային։

2016 թվականին հայրենիքին մատուցած ծառայությունների համար արժանացել է 2-րդ աստիճանի մեդալի։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում