Նոր գործնական հենարան՝ առողջապահական ոլորտի համար. ներկայացվեց «Բուժում է Վարդանանցը» եռահատոր ժողովածուն
5 րոպեի ընթերցում
«Բուժում է Վարդանանցը» կլինիկական գործելակարգերի եռահատոր նոր ժողովածուն՝ 371 ուղեցույցով և 25 մասնագիտացմամբ, ներկայացվում է որպես ապացուցողական բժշկության և պացիենտակենտրոն մոտեցման համադրության գործնական մոդել։ Փետրվարի 21-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կայացավ գրքի պաշտոնական շնորհանդեսը և այն ներկայացվեց հանրությանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վարդանանց նորարարական բժշկության կենտրոնի կողմից ստեղծված, միջազգային ուղեցույցների հիման վրա մշակված, տեղական համակարգին հարմարեցված և թվայնացված եռահատոր ժողովածուն հավակնում է դառնալ Հայաստանի առողջապահական ոլորտի նոր գործնական հենարանը։
«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի գլխավոր տնօրեն Լևոն Ալթունյանը, ողջունելով հյուրերին, նշեց, որ գործելակարգերը մշակված են միջազգային առաջատար ուղեցույցների հիման վրա՝ բարձր ապացուցողականությամբ և կիրառելիությամբ՝ հարմարեցված Հայաստանի առողջապահական համակարգին։
Նրա խոսքով՝ հանրային առողջապահության հիմնական խնդիրներից է զանգվածային բժշկությունը դարձնել ոչ միայն հասանելի, այլև արդյունավետ և որակյալ։ Նա հիշեցրեց, որ 2022 թվականին ներկայացվել էր ժողովածուի առաջին հատորը, որն ընդգրկում էր 137 գործելակարգ։
Ալթունյանը շեշտեց, որ գրքի իրական արժեքը չի պայմանավորվում միայն ծավալով. աշխատանքի կենտրոնում մշտապես գտնվել և գտնվում է պացիենտը։
«Ամեն ինչ արվում է պացիենտակենտրոն համակարգ ձևավորելու համար։ Կարևոր է ապահովել պացիենտի վստահությունը բժշկի նկատմամբ։ Այսօր պացիենտները հաճախ բժշկի են դիմում՝ արդեն ունենալով արհեստական բանականության միջոցով ստացված տեղեկատվություն, որը հիմնականում հիմնված է միջազգային ուղեցույցների վրա։ Եթե բժիշկը խոսում է նույն մասնագիտական լեզվով, ձևավորվում է վստահություն, իսկ վստահությունը նշանակում է պացիենտի ներգրավվածություն բուժման գործընթացում, ինչը համարվում է բուժման հաջողության կարևորագույն բաղադրիչ»,-ասաց Լևոն Ալթունյանը:
Գործելակարգերի կարևորությունը գիտակցելով՝ կենտրոնը դիմել է ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ»-ի գիտական խորհրդին, որի առաջարկներն ու դիտարկումները ներառվել են վերջնական խմբագրության մեջ։ Ալթունյանը շնորհակալություն հայտնեց գիտական խորհրդի անդամներին և խորհրդի նախագահին՝ դրական կարծիքի և հաստատման համար։
Նա հավելեց, որ աշխատանքը շարունակական բնույթ ունի․ գործելակարգերը տարեկան կթարմացվեն և դրանց թիվը նախատեսվում է հասցնել մոտ 700-ի՝ ապահովելով առավել լայն ընդգրկում։
Նյութերի մշակումը, թարգմանությունն ու արդիականացումը իրականացվել են «Վարդանանց» ՆԲԿ-ի Մասնագիտական գերազանցության կենտրոնի կողմից։ Խմբագրական խորհուրդը գլխավորում է Գերազանցության կենտրոնի տնօրեն և ԵՊԲՀ անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի վարիչ Հարություն Մանգոյանը։
Վերջինիս խոսքով՝ թեմաների ընտրությունը բխել է կլինիկական գործունեությունից և պրակտիկ կարիքներից․ «Ընտրվել են առավել արդիական և բժիշկներին հուզող հիվանդությունները, ուսումնասիրվել է միջազգային փորձը, որը համադրվել է տեղական փորձառության հետ։ Արդյունքում ստեղծվել են փաստաթղթեր, որոնք զուտ թարգմանություն չեն, այլ տեղայնացված, փորձով հարստացված և կիրառելի ուղեցույցներ»,- ասաց Հարություն Մանգոյանը:
Նա նշեց, որ «Բուժում է Վարդանանցը» ձևակերպմամբ ցանկացել են ցույց տալ ոչ միայն կենտրոնի բուժական առաքելությունը, այլև «Վարդանանց»-ի ձեռագիրը․ միջազգային ուղեցույցների տեղայնացումը և մեկնաբանումը ստեղծում է յուրահատուկ մասնագիտական մոտեցում, որով կենտրոնը պատրաստ է կիսվել։
Մասնագիտական գերազանցության կենտրոնի փոխտնօրեն, մանկաբույժ Թաթուլ Գևորգյանը նշեց, որ ժողովածուն կազմվել է առօրյա պրակտիկայի և փորձի համադրությամբ։ Ընտրվել են այն ախտորոշումները, որոնք առավել շատ են հանդիպում բժիշկների մասնագիտական գործունեության ընթացքում։
Շնորհանդեսի հյուրերից ՀՀ ԱՆ խորհրդատու Սամվել Հայրումյանը հավելեց, որ ժողովածուն բժշկի օգնականն է և խորհուրդ տվեց այն ունենալ՝ որպես սեղանի գիրք։ Նրա խոսքով՝ այն օգնում է ընտանեկան բժշկին հստակ կողմնորոշվել՝ երբ բուժել ինքնուրույն, երբ ուղղորդել նեղ մասնագետի մոտ և ինչպես խուսափել ավելորդ միջամտություններից՝ առաջնորդվելով ապացուցողական բժշկությամբ։
Գործելակարգերը թվայնացված են և ինտեգրված կլինիկական տեղեկատվական համակարգերին։ 2027 թվականին «Վարդանանց»-ի Մասնագիտական գերազանցության կենտրոնը նախատեսում է կրթական ծրագրերն առաջարկել Հայաստանի և արտերկրի մասնագիտական համայնքներին։