Մշակույթ

Ֆերիկի դպրոցականները Թումանյանի «Շունն ու կատուն» բեմականացրել են եզդիերենով

4 րոպեի ընթերցում

Ֆերիկի դպրոցականները Թումանյանի «Շունն ու կատուն» բեմականացրել են եզդիերենով

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Արմավիրի մարզի Ֆերիկ գյուղի Ռզալիե Ռաշիդի Օզմանյանի անվան միջնակարգ  դպրոց, որտեղ ներկա է եղել Գիրք նվիրելու տոնի և Մայրենի լեզվի օրվան նվիրված միջոցառմանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, միջոցառման ընթացքում աշակերտները ներկայացրել են Հովհաննես Թումանյանի կյանքը, գործունեությունը,  գրական ժառանգությունը պատկերող դրվագներ՝  հայերեն և եզդիերեն:

Երեխաներն անդրադարձել են Թումանյանի գրական ուղուն՝ ասմունքելով նրա վաղ պատանեկան շրջանի գործերը՝ հատվածներ պոեմներից, քառյակներ, բանաստեղծություններ: Վոկալ կատարումներով ներկայացվել են Թումանյանի բանաստեղծությունների և թարգմանությունների հիման վրա ստեղծված երգերը, որոնց ներքո հանդես են եկել պարային կատարումներով: Դպրոցի երգչախումբը հանդես է եկել «Անուշ» օպերայից հատվածներով: Այնուհետև երեխաները ներկայացրել են Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն» բալլադի բեմադրությունը՝ եզդիերեն:

Ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և դպրոցի տնօրեն Նարինե Սաֆարյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել դպրոցի տնօրինությանը, մանկավարժներին, ծնողներին, դպրոցականներին կատարված աշխատանքի համար՝ ընդգծելով, որ նման նախաձեռնությունները կարևոր դեր ունեն դպրոցականների աշխարհայացքի ձևավորման և արժեհամակարգի հարստացման գործում։ Նրա խոսքով՝ բովանդակալից և գեղեցիկ այս միջոցառումը մեծ  գնահատանքի է արժանի, քանի որ կարճ ժամանակում երեխաներն ասմունքի, երգի, պարի, բեմադրության միջոցով ներկայացրել են Ամենայն հայոց բանաստեղծի գրական ժառանգությունն ու դրա դրսևորումներն արվեստի մյուս ճյուղերում:

«Գիրք նվիրելու օրը շատ կարևոր նախաձեռնություն է հատկապես դպրոցականների համար տոն դարձնելու տեսակետից, բայց նաև մեզ համար շատ կարևոր է Մայրենիի օրը: Պետության ուշադրության կենտրոնում են հատկապես ազգային փոքրամասնությունները, իսկ մեր երկրում ամենամեծ ազգային փոքրամասնությունը եզդիական համայնքն է: Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի դպրոցում երեխաները  շատ լավ սովորեն իրենց մայրենի լեզուն, ակտիվորեն հաղորդակցվեն իրենց մշակույթին, ավանդույթներին, ամբողջ ժառանգությանը և դրանք փոխանցեն հաջորդ սերունդներին։ Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանի եզդիական համայնքն ակտիվ ներգրավված է այս գործընթացներում. նաև տեղեկացա, որ այս դպրոցում սովորող երեխաներից մեկի տատիկն է «Շունն ու կատուն» թարգմանել եզդիերեն: Երեխաները հրաշալիորեն ներկայացրեցին այս  բեմականացումը եզդիերենով»,- նշել է Արաքսիա Սվաջյանը և հորդորել երեխաներին լավ սովորել մայրենին՝ ՀՀ պետական լեզվին՝ հայերենին զուգահեռ։

Ֆերիկի  Ռզալիե Ռաշիդի Օզմանյանի անվան միջնակարգ  դպրոցում եզդիերենը դասավանդվում է՝ որպես պետական հանրակրթական ծրագրում ընդգրկված առարկա։

Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև դպրոցում գործող խմբակների կարևորությանը՝ արձանագրելով, որ գործում են պարի խմբակ, երգչախումբ, առաջիկայում կբացվի նաև նկարչական խմբակ: Արաքսիա Սվաջյանը հորդորել է դպրոցի տնօրենությանը երեխաների սպորտային հետաքրքրություններին ուղղված  խմբակներ ևս բացել:

Արաքսիա Սվաջյանը միջոցառումից հետո շրջել է դպրոցում, ծանոթացել շենքային պայմաններին, զրուցել մանկավարժների և աշակերտների հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում