ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետի հայտարարությանը երկաթուղու կոնցեսիոն կառավարման վերաբերյալ
3 րոպեի ընթերցում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Հայաստանի և Ռուսաստանի հետ ջերմ հարաբերություններ ունեցող որևէ երրորդ երկիր Ռուսաստանից պետք է գնի Հայաստանի երկաթուղու կառավարման կոնցեսիոն իրավունքը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Զախարովան թեմային անդրադարձել է փետրվարի 18-ին կայացած ճեպազրույցի ժամանակ։
Զախարովան անհամաձայնություն է հայտնել այդ հայտարարության հետ՝ նշելով, որ «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությունն այս ընթացքում ոչ միայն կատարել է պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները, այլև ենթակառուցվածքներում և շարժական կազմում ներդրել է զգալի միջոցներ`ապահովելով մեծ թվով աշխատատեղեր։
Զախարովան հավելել է, որ ռուսական օպերատորը չի զրկում Հայաստանին մրցակցային առավելություններից, այլ հակառակը։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանը հետևողականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների բացմանը։
Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում մեծ ծավալի աշխատանք է իրականացվել՝ ուղղված տարածաշրջանային հաղորդակցության ու ենթակառուցվածքների զարգացմանը:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ որևէ երրորդ երկիր, որը ջերմ հարաբերություններ ունի, և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի հետ, պետք է ՌԴ-ից գնի Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարման իրավունքը։
«ԹՐԻՓՓ-ի շրջանակներում հիմա կան ուժեր, որ ասում են` եկեք այնպես անենք, որ Մեղրիից հետո, երբ երկաթուղին մտնում է Նախիջևան, շրջանցի Հայաստանը, ասում են՝ տեսեք՝ Հայաստանի երկաթուղին ՌԴ կառավարման ներքո է։ Ցավոք սրտի, Ռուսաստանի և շատ երկրների հարաբերություններ սուր են, բայց մենք ասում ենք, որ երկաթուղին Հայաստանի սեփականությունն է և Ռուսաստանը չի ցանկանում և խոչընդոտ չի հարուցի մեր տարածաշրջանային նախագծերի վերաբերյալ։ Սրա մասին ՌԴ նախագահի հետ էլ եմ խոսել, գիտեմ, որ աջակից է այս բոլոր ծրագրերին։ Խնդիրն այն է, որ մի շարք երկրներում ավելի ծանրակշիռ է դառնում այն կարծիքը, որ Նախիջևանից հետո պետք չի Հայաստանով շարունակել, որովհետև երկաթուղին ՌԴ կառավարման ներքո է»,- ասել էր վարչապետը՝ հավելելով, որ ստեղծված իրավիճակում Հայաստանը ռազմավարական դիրքերի ու մրցակցային առավելության կորուստ է ունենում։