Մերձավոր Արևելք

Իսրայելի կառավարությունը հաստատել է Արևմտյան ափի հողերի գրանցման գործընթացը

2 րոպեի ընթերցում

Իսրայելի կառավարությունը հաստատել է Արևմտյան ափի հողերի գրանցման գործընթացը

Իսրայելի կառավարությունը հաստատել է մի քանի նախարարների առաջարկը՝ սկսելու Արևմտյան ափին հողերի գրանցման գործընթացը, ինչը պաղեստինցիներն անվանում են իրենց տարածքների «փաստացի անեքսիա»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։

Սա 1967 թվականից ի վեր առաջին նման որոշումն է, որը նպատակ ունի լուծել Արևմտյան ափում հողերի սեփականության վեճերը։ Որոշման հիման վրա Իսրայելի արդարադատության նախարարության հողային գրանցամատյանի մարմինը կստանա լրացուցիչ ֆինանսավորում, լիազորություններ և անձնակազմ՝ պետական ​​​​գրանցամատյանում հողամասերի գրանցման գործընթացը կազմակերպելու համար։

«Մենք ամրապնդում ենք վերահսկողությունը մեր տարածքի բոլոր հատվածներում»,- նշել է Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը։

Պաշտպանության նախարար Իսրայել Կացը նշել է, որ հողերի գրանցումը կենսական անվտանգային միջոցառում է։ Իսկ կառավարության հայտարարության մեջ նշվում է, որ դա «համապատասխան արձագանքն է Պաղեստինի ինքնավարության կողմից խրախուսվող հողերի անօրինական գրանցման գործընթացին»։

Պաղեստինի նախագահի գրասենյակը դատապարտել է այս քայլը՝ նշելով, որ այն «գրավյալ պաղեստինյան տարածքի փաստացի անեքսիա է»։

Արևմտյան ափի մեծ մասը գտնվում է Իսրայելի ռազմական վերահսկողության տակ, իսկ որոշ տարածքներում կա սահմանափակ պաղեստինյան ինքնավարություն։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում