2025 թվականին Գեղարքունիքի մարզի համայնքներում իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքում հայտնաբերվել է 35 թերություն
4 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից 2025 թվականին Գեղարքունիքի մարզի համայնքներում իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքում հայտնաբերվել է 35 թերություն։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգման հարցերի վարչությունից, 2025 թվականին Գավառ, Մարտունի, Ճամբարակ, Վարդենիս և Սևան համայնքներում իրականացված իրավական և վարչական հսկողության արդյունքում արձանագրված 35 թերությունների վերացման ուղղությամբ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից սահմանվել են ժամկետներ։ Հայտնաբերված թերությունները քննարկվել են համայնքի ավագանու նիստերում և տրվել հանձնարարականներ՝ թերությունները շտկելու վերաբերյալ։ Կատարված աշխատանքների արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվել է լիազոր մարմին։
Նույն աղբյուրի համաձայն՝ 2025 թվականին Պետական կառավարման ակադեմիայի կողմից վերապատրաստվել են 1 համայնքի ղեկավար և ավագանու 17 անդամ, համայնքային 72 ծառայողներ։
Վարչական հսկողության արդյունավետության բարձրացման նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ հեռավար եղանակով մարզպետի աշխատակազմից վերապատրաստվել են 5 աշխատակից։
2025 թվականին Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում կազմակերպված վերապատրաստմանը մասնակցել են համայնքների հանրային կապերի 5 պատասխանատուներ։
Մարզի համայնքներում հայտարարվել են համայնքային ծառայության 63 մրցույթ, պաշտոնի են նշանակվել 32 համայնքային ծառայող։ 31 հայտարարված մրցույթները չեն կայացել՝ դիմողներ չլինելու պատճառով։
Հաշվետու ժամանակահատվածում հայտարարվել է ՀՈԱԿ-ների տնօրենների 64 մրցույթ, որից կայացել է 22-ը, որոնց արդյունքում պաշտոնի են նշանակվել են 22 տնօրեն։ 42 հայտարարված մրցույթ չի կայացել՝ դիմողներ չլինելու պատճառով։
2025 թվականի ընթացքում Սևան և Գավառ համայնքներում անցկացվել են 19 համայնքային ծառայողների ատեստավորումներ, որոնց արդյունքում ատեստավորման հանձնաժողովի կողմից ընդունվել է որոշում՝ զբաղեցրած պաշտոններին համապատասխանելու վերաբերյալ:
Քաղաքացիների սպասարկման գրասենյակներ գործում են մարզի Գավառ, Սևան, Ճամբարակ, Վարդենիս համայնքներում և Շողակաթ և Գեղամասար բնակավայրերում։
2025 թվականին մարզի համայնքներում քաղաքացիների սպասարկման գրասենյակների կողմից սպասարկվել է 42710 քաղաքացի։
2025 թվականին մարզի 5 համայնքներում կայացել է 55 ավագանու նիստ։ Ընդունվել է 887 որոշում։ 5 որոշում ուղարկվել է վերանայման, 1 որոշում ուժը կորցրած է ճանաչվել։
2025 թվականի ընթացքում ՀՀ Գեղարքունիքի մարզպետի և մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ 152 տնտեսվարողների հետ կնքվել են շինարարական աղբի աղբահեռացման պայմանագրեր, որոնց արդյունքում համայնքային բյուջեներ կմուտքագրվի 29 միլիոն դրամ։