«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է
3 րոպեի ընթերցում

«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն գործարար Սամվել Կարապետյանն է։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«Ուժեղ Հայաստանին առաջին հերթին պետք է ուժեղ առաջնորդություն։ Նոր առաջնորդ՝ կառավարչի հմտություններով։ Նոր, բայց մեծ փորձ ունեցող առաջնորդ։ Մեր կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է»,-հայտարարեց Նարեկ Կարապետյանը։
Կուսակցության պաշտոնական շնորհանդեսը տեղի է ունեցել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ ներկայացվել է կուսակցության քաղաքական օրակարգը և հայտարարվել վարչապետի թեկնածուի անունը։
Միջոցառման ընթացքում տեսաուղերձով հանդես եկավ փաստաբան, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն»-ի նախագահ Սիրանուշ Սահակյանը, որը ներկայացրեց սահմանադրական կարգավորումների իրավական շրջանակը։ Սահակյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված են փոփոխությունների երեք ռեժիմներ։ Առաջինը վերաբերում է անփոփոխելի հոդվածներին, երկրորդը՝ այն գլուխներին և հոդվածներին, որոնք կարող են փոփոխվել բացառապես հանրաքվեի միջոցով, և երրորդը՝ այն փոփոխություններին, որոնք կարող են իրականացվել Ազգային ժողովի կողմից։ Նա նշել է, որ Սահմանադրության 148-րդ հոդվածը, որը կարգավորում է կառավարության անդամներին ներկայացվող պահանջները, չի դասվում անփոփոխելի հոդվածների շարքին և դրա փոփոխության համար հանրաքվե չի պահանջվում։ «Սահմանադրության 148-րդ հոդվածը անփոփոխելի չէ, և դրա փոփոխության համար հանրաքվե չի պահանջվում։ Անհրաժեշտ է Ազգային ժողովի կողմից համապատասխան փոփոխությունների ընդունում»,– ընդգծեց Սահակյանը։
Նրա խոսքով՝ նախաձեռնության ներկայացման դեպքում նախագիծը դրվում է Ազգային ժողովի քվեարկության, և այն ընդունվելու համար պետք է հավաքի պատգամավորների ընդհանուր թվի երկու երրորդի ձայները։
Հիշեցնենք, որ համագումարի ընթացքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ էր ընտրվել Սամվել Կարապետյանը։
Սամվել Կարապետյանն այս պահին տնային կալանքի տակ է։ Նրան մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար։
Հայաստանի Սահմանադրության 148-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները։ Սահմանադրության 48-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Սամվել Կարապետյանը վերջին 4 տարիներին մշտապես չի բնակվել, ինչպես նաև ունի նաև այլ երկրների քաղաքացիություն։