Գեղարքունիքի մարզում շահագործվում են ջերմոցային նոր տնտեսություններ
2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի մի շարք բնակավայրերում նախորդ տարի շահագործվել կամ կառուցման ընթացքի մեջ են մի շարք ջերմոցային տնտեսություններ, ինչի արդյունքում նկատելի զարգացում է ապրում գյուղատնտեսական այս ճյուղը, ստեղծվում են նոր աշխատատեղեր։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից, «ՀՀ-ում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի» շրջանակում Լճաշեն բնակավայրում «ԳՐԻՆ ՍՈԼՈՒՇՆՍ» ՍՊԸ-ի կողմից 10.5 հեկտարի վրա կառուցվել է ջերմատուն, որն արդեն գործում է: Ջերմատանը մշակվում է վարունգ և լոլիկ, ստեղծվել է 130 նոր աշխատատեղ:
Սևան համայնքի Գագարին բնակավայրում «ԷԿՈ ՖԱՈՒՆԱ» ՍՊԸ-ի կողմից 4 հեկտարի վրա կառուցվող ջերմատնային տնտեսության աշխատանքներն արդեն շուրջ 70 տոկոսով ավարտված են, որտեղ նախատեսված է վարդի մշակություն: Ջերմատան շահագործմամբ կստեղծվի 70-80 նոր աշխատատեղ:
Սևան համայնքի Գեղամավան բնակավայրի տարածքում «ԳԵՎ ՄԻԿ» ՍՊԸ-ի կողմից 5.5 հեկտարի վրա հիմնված ջերմատունն արդեն գործում է, որտեղ ստեղծվել է մոտ 150 աշխատատեղ:
Սևան համայնքի Գեղամավան բնակավայրի տարածքում «ՄՈՒԼՏԻ ՖՈՒՏ» ՍՊԸ-ի կողմից 2 հեկտարի վրա հիմնված ջերմատունն արդեն գործում է, ստեղծվել է մոտ 50 աշխատատեղ:
Սևան համայնքի Գեղամավան բնակավայրի տարածքում «ԱԹԱՆԵՍՅԱՆՍ» ՍՊԸ-ի կողմից 2 հեկտարի վրա կառուցվող ջերմատան աշխատանքներն արդեն ավարտական փուլում են, նախատեսվում է ստեղծել 50 նոր աշխատատեղ:
Պետական աջակցության ընդհանուր չափը վերոնշյալ կազմակերպություններին կազմել է 736․5 միլիոն դրամ։