Հասարակական

Փաշինյանն անընդունելի է համարում Հայ առաքելական եկեղեցու` քաղաքականությամբ զբաղվելը

5 րոպեի ընթերցում

Փաշինյանն անընդունելի է համարում Հայ առաքելական եկեղեցու` քաղաքականությամբ զբաղվելը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը անընդունելի է համարում, որ Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչներն ու սպասավորները զբաղվեն քաղաքականությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետն ասաց Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Եկեղեցին չի կարող լինել պետություն՝ պետության մեջ։ Մենք նախորդ շրջանում, ցավոք, տեսել ենք անընդհատ դրսևորումներ, որ եկեղեցին ոչ միայն փորձում է դիրքավորվել` որպես պետություն՝ պետության մեջ, այլ որպես օտարերկրյա պետություն՝ պետության մեջ։ Եկեղեցին չպետք է զբաղվի քաղաքականությամբ, ներքաղաքական կյանքի մասնակից պետք է չլինի։ Երբ Կտրիճ Ներսիսյանը ժամանակին խոսում էր կառավարության, իմ հրաժարականի մասին, այստեղ ես չեմ հարցը, քաղաքական գործընթացներն են, ասեցինք լավ, ոչինչ, պետք է լինել հանդուրժողական, արդեն սկսեցին այլ եպիսկոպոսներ քաղաքական հայտարարություններ անել և ինչ եղավ՝ Բագրատ Գալստանյանը սկսեց քաղաքական շարժում Մայր Աթոռում ունեցած քաղաքական խորհրդակցություններից հետո և դրա արդյունքում։ Այդ քաղաքական գործընթացը ժողովրդավարական երկրում և միջավայրում տեղի ունեցավ և մարեց, այսինքն՝ մերժվեց հանրության կողմից։ Այս ամեն ինչը չի կարող մնալ առանց հետևանքի, որովհետև խոսքը մեր պետության ինքնիշխանության և անվտանգության մասին է»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց՝ այս խնդիրների լուծման համար կարևոր է եկեղեցու բարենորոգման օրակարգը։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչների բարեվարքության, ֆինանսական թափանցիկության, հաշվետվողականության մեխանիզմներ պետք է լինեն։

«Ունենք ինֆորմացիա, որը ճշտման փուլում է, որ ՀԱԵ ձևաչափերով ՀՀ են մուտք գործում ստվերային գումարներ՝ քաղաքական նպատակով Հայաստանում օգտագործելու համար։ Բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն, ուրիշ բան են քաղաքական հայացքներն արտահայտելու միջոցները և ձևերը։ Պատարագի խորանն օգտագործել քարոզների ժամանակ քաղաքական քարոզ անելու համար՝ սրբապղծություն է։ Հիսուս Քրիստոսի և նրա դավանած արժեքների մասին է պատարագը։ 2020 թվականից ի վեր գրեթե բոլոր եկեղեցիներում քարոզների ժամանակ հնչում են քաղաքական, ռադիկալ տեքստեր։ 

Աշխարհում շատ երկրներում կան նաև ծայրահեղական իսլամի դրսևորումներ, որոնց դեմ միջազգային հանրությունը ստիպված է պայքարել։ Ոչ ոք չի ասում՝ ո՞նց կարող է հոգևորականը պլանավորել, որ ՀՀ մի մասի կամ մայրաքաղաքի էլեկտրամատակարարումը դադարեցվի, սաբոտաժ անի, խոսի մարդկանց պատերի տակ գնդակահարելու մասին»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի վարչապետն ընդգծեց, որ եկեղեցու բարենորոգման համար անհրաժեշտ է հանրության աջակցությունը և ինքը պատրաստ է գնալ այդ ճանապարհով այնքան, որքան կպահանջվի։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025թ․ հունիսի 10-ին առաջարկել է ստեղծել համակարգող խորհուրդ, որը գործուն քայլեր կձեռնարկի կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ։ 

Ավելի վաղ ՀՀ վարչապետը Ն.Ս.Օ.Օ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին և մի խումբ բարձրաստիճան հոգևորականների մեղադրել էր կուսակրոնության ուխտը խախտելու մեջ՝ հայտարարելով՝ եթե պարզվի, որ Գարեգին Բ-ն իսկապես խախտել է իր կուսակրոնության ուխտը և երեխա է ունեցել, նա չի կարողանա լինել Ամենայն Հայոց կաթողիկոս։   

Եկեղեցականներն էլ իրենց հերթին ՀՀ վարչապետին մեղադրում են հակաեկեղեցական արշավ սկսելու մեջ:  

2026 թվականի հունվարի 4-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և 10 եպիսկոպոսներ ու արքեպիսկոպոսներ հայտարարություն են տարածել Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ հայտարարության տակ ստորագրածները ձևավորում են համակարգող խորհուրդ, որին վերապահում են Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման կազմակերպչական գործառույթները։ Կազմը կարող է ընդլայնվել համակարգող խորհրդի միաձայնությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում