Ամերիկյան տեխնոլոգիաները կգան Հայաստան. Վենսը խոսել է փոքր մոդուլային ռեակտորների նոր ծրագրի մասին
2 րոպեի ընթերցում

Հայաստանը և ԱՄՆ-ն ավարտել են քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում 1-2-3 համաձայնագրի շուրջ բանակցությունները՝ բացելով լայն հնարավորություններ խոշոր ծրագրերի իրականացման համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո։
«Այժմ, երբ դա ամբողջությամբ հաստատվի, ճանապարհ կհարթվի, որպեսզի ամերիկյան և հայկական ընկերությունները կարողանան քաղաքացիական միջուկային նախագծերի վերաբերյալ համաձայնագրեր կնքել: Դա նշանակում է մինչև 5 միլիարդ դոլարի սկզբնական արտահանում ԱՄՆ-ից՝ գումարած լրացուցիչ 4 միլիարդ դոլարի երկարաժամկետ աջակցություն վառելիքի և սպասարկման պայմանագրերի միջոցով: Սա դասական փոխադարձ շահեկան տարբերակ է: Սա նշանակում է ավելի ուժեղ էներգետիկ անվտանգություն իմ երկրի համար, և դա նաև, կարծում եմ, նշանակում է ավելի ուժեղ էներգետիկ անվտանգություն Հայաստանի համար։ Դա նաև ստեղծելու է բազմաթիվ նոր աշխատատեղեր Միացյալ Նահանգներում: Դա նշանակում է փոքր մոդուլային ռեակտորներ: Ամերիկյան տեխնոլոգիաները գալու են այս երկիր։ Եվ կրկին, սա այն քիչ երկրներից մեկն է, որտեղ մենք բավականաչափ վստահ ենք այս մակարդակի ներդրումներ կատարելու առումով։ Եվ դա տեղի է ունենում վարչապետի ղեկավարության շնորհիվ»,- ասել է Ջեյ Դի Վենսը: