Աշխարհ

Վենեսուելայում բանտերից ազատ են արձակվել ընդդիմադիր քաղաքական գործիչները

2 րոպեի ընթերցում

Վենեսուելայում բանտերից ազատ են արձակվել ընդդիմադիր քաղաքական գործիչները

Վենեսուելայի ընդդիմադիր քաղաքական գործիչներ Խուան Պաբլո Գուանիպան և Ֆրեդի Սուպերլանոն, ինչպես նաև հայտնի փաստաբան Պերկինս Ռոչան, փետրվարի 8-ին ազատ են արձակվել բանտից։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այս մասին հայտարարել են նրանց ընտանիքները և իրավապաշտպան կազմակերպությունները։

«Ֆորո Պենալ» իրավապաշտպան խումբը հայտարարել է, որ փետրվարի 8-ին ընդհանուր առմամբ մոտ 35 քաղբանտարկյալ է ազատ արձակվել։

Կազմակերպությունը նախկինում հաստատել էր, որ Վենեսուելայի կառավարության կողմից հունվարի 8-ից ի վեր ազատ է արձակվել է 383 քաղբանտարկյալ։

Գուանիպան, Ռոչան և Սուպերլանոն Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր և ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյի մտերիմ դաշնակիցներն են։

«Վենտե Վենեսուելա» ընդդիմադիր շարժման փաստաբան Ռոչան ձերբակալվել էր 2024 թվականի օգոստոսին՝ ահաբեկչության և դրան առնչվող մեղադրանքներով։ Գուանիպան ամիսներ շարունակ թաքնվելուց հետո ձերբակալվել էր 2025-ի մայիսին՝ ահաբեկչական դավադրություն կազմակերպելու մեղադրանքով։

Ընդդիմադիր մեկ այլ կուսակցության առաջնորդ Ֆրեդի Սուպերլանոն ձերբակալվել էր 2024 թվականի նախագահական ընտրություններից հետո:

Երեք տղամարդիկ էլ հերքել են իրենց դեմ առաջադրված բոլոր մեղադրանքները:

Վենեսուելայի ընդդիմությունը և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խմբերը տարիներ շարունակ հայտարարել են, որ երկրի սոցիալիստական ​​կառավարությունը կալանավորումներն օգտագործում է այլախոհությունը ճնշելու համար։

Կառավարությունը հերքում է քաղբանտարկյալների առկայությունը երկրում՝ նշելով, որ բոլոր բանտարկյալները հանցանքներ են կատարել:

Բանտարկյալների ազատ արձակումները Վենեսուելայում սկսվել են այն բանից հետո, ինչ գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն ձերբակալվեց ամերիկյան ուժայինների կողմից։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում