Հայաստան

«Էպիլեպսիա՝ ստվերից դուրս». Երևանում մեկնարկեց էպիլեպսիայի խնդիրներին ու լուծման հնարավորություններին նվիրված համաժողովը

4 րոպեի ընթերցում

«Էպիլեպսիա՝ ստվերից դուրս». Երևանում մեկնարկեց էպիլեպսիայի խնդիրներին ու լուծման հնարավորություններին նվիրված համաժողովը

Էպիլեպսիայի դեմ պայքարի միջազգային օրվան (փետրվարի 9) ընդառաջ՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկեց «Էպիլեպսիա՝ ստվերից դուրս» թեմայով համաժողովը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Արաբկիր» բժշկական համալիրի և «Կյանքի ճանապարհ» բարեգործական հիմնադրամի ջանքերով կազմակերպված համաժողովը նվիրված է էպիլեպսիա ունեցող երեխաների առողջության, կրթության աջակցման և սոցիալական ինտեգրման կարևոր հարցերին։

Համաժողովի նպատակը ոչ միայն էպիլեպսիայի մասին իրազեկումն է, այլ նաև անդրադարձը վերջին 10 տարիների ընթացքում էպիլեպտոլոգիայի ոլորտում կատարված աշխատանքներին, ձեռքբերումներին և իրական առաջընթացին Հայաստանում, ինչպես նաև միջազգային փորձի քննարկումը։

Բացման խոսքում «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանը, կարևորելով միջոցառումը, համոզմունք հայտնեց, որ այն նոր ու ավելի մատչելի ճանապարհ ցույց կտա էպիլեպսիայի ախտորոշում ունեցող երեխաներին ու մեծահասակներին։

Արա Բաբլոյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, ում աջակցությամբ հնարավոր է դարձել հասնել նրան, որ էպիլեպսիայով հիվանդ երեխան ստանում է դեղամիջոց ու ներկայում երբեմն չի նկատվում, որ նա ունի այդ ախտորոշումը։ Սա մեծ նվաճում է։

«Պետք է ասեմ, որ բժշկական հաստատությունների, կազմակերպությունների, ինչպես նաև  Առողջապահության նախարարության աջակցությամբ, մենք արդեն անցնում ենք մի փուլ, երբ 2003-ի մեկ կամ երկու դեղամիջոցի փոխարեն, որը հասանելի էր 10-20 տոկոսին, մենք հիմա ունենք 12 և ավելի դեղամիջոցի անվանում և գրեթե բոլոր նրանք, ովքեր դեղամիջոցով կարող են կառավարվել, ապահովված են»,-ասաց Բաբլոյանը՝ հավելելով, որ նախարարության աջակցությունը, պարտավորեցնում է առավել մեծ առաջընթաց գրանցելու՝ կիրառելով տեխնոլոգիաներ, ինչի շնորհիվ կառավարելի կդառնա նաև այն երեխաների էպիլեպսիան, որոնց դեպքում դեղերն ազդեցություն չեն ունենում։

Բաբլոյանի խոսքով՝ գրեթե 100 տոկոսի են հասնում այն վիրահատությունները, որոնց շնորհիվ նման երեխաները բուժվել են։

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մանրամասնեց, որ յուրաքանչյուր երեխայի համար, պետական հոգածության ներքո, ներկայում ապահովվում է հասանելի դեղորայքային բուժում, ինչը հնարավորություն է տալիս, որպեսզի էպիլեպսիայի ախտորոշումը հնարավորինս չազդի մարդու կենսակերպի վրա։

Նախարարի խոսքով՝ այս ախտորոշմամբ մարդիկ տարիներ շարունակ պայքարել են ոչ միայն իրենց հիվանդության, այլ նաև հանրային ոչ ճիշտ ընկալումների դեմ, ինչը բարդ, դժվար հոգեբանական ընթացք է։

«Վստահ եմ, որ միացյալ ջանքերով մեր հանրությունը կփոխի իր վերաբերմունքը, շատ ավելի հանդուրժող կլինի, կսովորի ինչպես առնչվել այս հիվանդությամբ մարդու հետ, ով հանկարծակի ցնցումների մեջ է ընկել և ճիշտ կարձագանքի»,-ասաց նախարարը՝ հավաստիացնելով, որ նախարարությունը շարունակելու է անել ամեն ինչ էպիլեպսիայի ախտորոշմամբ երեխաների համար կայուն վիճակ ապահովելու, դեղորայքի ու նոր տեխնոլոգիաների միջոցով ցնցումներից զերծ պահելու համար։

Համաժողովի շրջանակներում կներկայացվեն էպիլեպսիայի մասին ժամանակակից բժշկական գիտելիքը, բուժման և հետազոտությունների նոր մոտեցումները, առաջին օգնության ճիշտ քայլերը։ Բացի այդ՝ համաժողովի օրակարգում են ներառական կրթության և սպորտի հնարավորությունները, տարիներով ձևավորված կարծրատիպերը, ինչպես նաև համագործակցության իրական հարթակի ստեղծումը բժշկական, կրթական, բարեգործական և պետական ոլորտների միջև։

Մասնակցում են բժիշկներ՝ նյարդաբաններ, մանկաբույժներ, դպրոցների և մանկապարտեզների տնօրեններ ու մանկավարժներ, սպորտային ակումբների ղեկավարներ և մարզիչներ, հոգեբաններ, սոցիալական աշխատողներ, բարեգործական ոլորտի և պետական մարմինների ներկայացուցիչներ, ուսանողներ և ծնողներ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում