Իրավունք

Ոստիկանության պաշտոնյան մեղադրվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ կեղծ արձանագրություններ կազմելու մեջ. պաշտոնավարումը կասեցվել է

2 րոպեի ընթերցում

Ոստիկանության պաշտոնյան մեղադրվում է վարչական  իրավախախտումների վերաբերյալ կեղծ արձանագրություններ կազմելու մեջ. պաշտոնավարումը կասեցվել է

Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունից ստացված նյութերի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձը, մեկ տասնյակից ավելի քաղաքացիների ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ կեղծ արձանագրություններ է կազմել:

«Մասնավորապես՝ հիշյալ պաշտոնատար անձը 2023 թվականի հունվարի 4-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում 13 քաղաքացու կողմից օրենքով նախատեսված վարչական որևէ իրավախախտում կատարած չլինելու պայմաններում, առանց վերջիններիս մասնակցության, նրանց վերաբերյալ կազմել է իրավաբանական պատասխանատվություն առաջացնող 17 կեղծ արձանագրություն՝ դրանք դնելով պաշտոնական շրջանառության մեջ:

ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձի գործողությունների հետևանքով հիշյալ քաղաքացիները տուգանվել են 50.000-ական ՀՀ դրամով»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մանրամասներ են հայտնում Հակակոռուպցիոն կոմիտեից։

Պաշտոնեական կեղծիք կատարելու համար ոստիկանության ծառայողին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով (17 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ՀՀ-ից բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը։

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում