Սպորտ

ԿԳՄՍ նախարարը հանդիպել է հրաձգության երևանյան ԵԱ-ի կազմկոմիտեի հետ

3 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ նախարարը հանդիպել է հրաձգության երևանյան ԵԱ-ի կազմկոմիտեի հետ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել 2026 թվականին Հայաստանում նախատեսված խոշոր միջազգային մարզական մրցաշարերի կազմակերպման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը. քննարկվել են հրաձգության Եվրոպայի առաջնության կազմակերպմանն ու անցկացմանը վերաբերող հիմնական հարցերը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Նիստին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանը, ինչպես նաև պետական և մարզական մի շարք կառույցների ներկայացուցիչներ։

Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը կանցկացվի փետրվարի 27-ից մարտի 5-ը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Արդեն իսկ մրցաշարին մասնակցության հայտ են ներկայացրել ավելի քան 40 երկրի շուրջ 400 մարզիկ և մարզիչ։ Վերջնական հայտացուցակը կհաստատվի առաջիկա օրերին։ Առաջնության շրջանակում կխաղարկվի մեդալների 70 հավաքածու։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ թեև Կառավարությունը վերջին տարիներին կուտակել է միջազգային խոշոր մարզական մրցաշարերի կազմակերպման զգալի փորձ, այդուհանդերձ, անհրաժեշտ է առանձնահատուկ ուշադրություն դարձնել հրաձգություն մարզաձևի առանձնահատկություններին։ Նախարարը կարևորել է բոլոր ներգրավված կառույցների համատեղ և համակարգված աշխատանքը մրցաշարի անխափան ընթացքի և անվտանգային հարցերի ապահովման նպատակով։

Նիստի ընթացքում քննարկվել են առաջնության անցկացման համար մարզագույքի ներկրմանը, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համապատասխան կահավորմանը և անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովմանը վերաբերող հարցերը։ Անդրադարձ է կատարվել նաև առաջնության տարբերանշանի ընտրությանը, կամավորների ներգրավմանը, քաղաքի կենտրոնական հատվածներում երկրպագուների համար ֆան-գոտիների ստեղծմանը, հետհաշվարկի ժամացույցի տեղադրմանը, մրցումների հեռարձակման ապահովմանը, ինչպես նաև տոմսերի վաճառքի կազմակերպմանը։

Ամփոփելով նիստը՝ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել գործընկեր կառույցներին արդյունավետ և համագործակցային աշխատանքի համար՝ ընդգծելով, որ նման մասշտաբային մրցաշարերի հաջող կազմակերպման հարցում միջգերատեսչական համատեղ ջանքերի ներդրումն ու ժամկետների պահպանումը կարևոր են։

Միջգերատեսչական հանձնաժողովում ընդգրկված են Ներքին գործերի և Առողջապահության նախարարությունների, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի, Հանրային հեռուստաընկերության, ինչպես նաև մի շարք այլ կառույցների ներկայացուցիչներ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում