Մշակույթ

Երևանի կամերային թատրոնի հանդիսատեսը The Beatles-ի հետ կճամփորդի ժամանակի և երաժշտության միջով. բեմում առաջնախաղ էր

7 րոպեի ընթերցում

Երևանի կամերային թատրոնի հանդիսատեսը The Beatles-ի հետ կճամփորդի ժամանակի և երաժշտության միջով. բեմում առաջնախաղ էր

Բրիտանական The Beatles խումբը, որը կարճ կյանք է ունեցել, սակայն իր ստեղծած անկեղծ, մաքուր, զուլալ երաժշտությամբ նվաճել է աշխարհը, կենդանացավ Երևանի կամերային թատրոնում։

Թատրոնի դերասանները հրաշալի խաղով, վարակիչ դրական էներգիայով հիշեցրին, թե ինչ անհավանական երևույթ է եղել The Beatles-ը, թե ինչպես է բիթլոմանիան հասել իր գագաթնակետին՝ զարմանք պատճառելով խմբի անդամներ Ջոն Լենոնին, Փոլ ՄաքՔարթնիին, Ջորջ Հարիսոնին և Ռինգո Սթարին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երաժշտական-դոկումենտալ ներկայացումը, որը պատմում է լեգենդար քառյակի ստեղծման, փառքի ու փլուզման մասին,  թատերասերների դատին հանձնվեց փետրվարի 3-ին։

Պիեսի հեղինակ և բեմադրիչ Դավիթ Աբրահամյանը մինչ The Beatles-ը Կամերայինում բեմադրել էր Ազնավուրին նվիրված ներկայացում, որը սիրվեց։ Ազնավուրի մասին բեմադրությունը ստեղծել է՝ հանդիսատեսին հնարավորություն տալով արտիստի հետ ճանապարհորդել ժամանակի և երաժշտության միջով։ Նույն մոտեցումն է ցուցաբերել նաև The Beatles-ի պարագայում։ «Մենք ընտրում ենք երաժշտական խմբերի, անհատների, որոնց վերակենդանացնում ենք մեր բեմում»,-ասում է նա։

Կամերային թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանը, թատրոնի տնօրեն Լուսինե Երնջակյանը հայտնի բիթլոմաններ են։ Ամառային արձակուրդների մեկնելուց առաջ Լուսինեն Դավիթին առաջարկել է մտածել The Beatles-ին նվիրված բեմադրության մասին, ինչը պարտավորեցրել է երիտասարդ ռեժիսորին։

«Ուսումնասիրեցի խմբի հետ կապված գրեթե ամեն բան, որովհետև պետք էր կարճ, կոնկրետ, բայց նրանց մասին ամեն ինչ ասող ներկայացում ստանալ։ Սեպտեմբերին կարդացինք պիեսը, հավանեցինք  և անցանք գործի։ Աշխատել ենք շատ տաղանդավոր դերասանների հետ։ Յուրաքանչյուրի հետ անցկացրած ամեն րոպեն ինձ համար ուղղակի հաճույք էր։ Ստեղծագործական անհամաձայնություններ գրեթե չեն եղել։ Բոլորս սիրեցինք The Beatles-ին և փորձեցինք ոչ թե բեմում լինել The Beatles, այլ ցույց տալ, թե ինչքան շատ ենք սիրում խմբին»,-ընդգծում է Դավիթը։

Խմբին ուսումնասիրելիս ռեժիսորը բազմաթիվ հետաքրքիր պատմություններ է գտել, որոնցից մի քանիսը նրա համար շոկային են եղել, բայց կարծել է՝ պարտադիր չէ ամբողջ ճշմարտությունը ներկայացնել, որոշ դրվագներից կարելի է խուսափել և շեշտը դնել ամենակարևոր բնութագրիչների վրա։ «Եղել են շատ սկանդալային դրվագներ։ Ներկայացման մեջ մի նախադասությամբ ասվում է, որ բիթլների մենեջեր Բրայան Էփսթեյնը լռության դիմաց վճարում էր իրենց սեռական արկածների հերոսներին»,-պատմում է բեմադրիչն ու հավելում՝ The Beatles-ին  բոլոր սերունդներն են սիրում։

Ներկայացման մեջ The Beatles-ի տղաներից յուրաքանչյուրը պատմում է իր ծննդյան, ընտանիքի, երաժշտության նկատմամբ հետաքրքրության և խմբում հայտնվելու մասին։

Ջոն Լենոնին մարմնավորում է Ներսես Մարկոսյանը, Փոլ ՄաքՔարթնիին՝ Սենիկ Բարսեղյանը, Ջորջ Հարիսոնին՝ Զիրոյանը, իսկ Ռինգո Սթարին՝ Սուրեն Պողոսյանը։

Ներսես Մարկոսյանը փայլուն էր կերտել նաև Ազնավուրի կերպարը և խոստովանում է՝ Ազնավուրն իրենն է, իսկ Լենոնին մոտենալը դժվար է եղել։ «Ըստ իս՝ ամեն մարդ չի կարող The Beatles-ի երգերը կատարել։ Աշխատում եմ դա անել։ Երկու ամսվա ընթացքում է ներկայացումը բեմադրվել։ Ուրախանում էինք, զայրանում էինք։ Հետաքրքիր գործընթաց էր։ Բիթլոման չեմ, բայց դառնում եմ։ Դարի լեգենդին մարմնավորելը հաճույք ու հպարտություն է»,-նշում է դերասանը։

Նրա համար բացահայտում է եղել Hey Jude երգի պատմությունը։ Ներսես Մարկոսյանը կարծել է՝ երգը հրեայի է նվիրված, պարզվել է՝ Լենոնի որդուն։ «Մենք գիտեինք, թե նա դուստր է ունեցել։ Երգը գրել է Փոլ ՄաքՔարթնին։ Հետաքրքիր լուծում էինք մտածել։ Երգը հենց ՄաքՔարթնին է երգում, մեր ներկայացման մեջ այն կատարում է Լենոնը»,-պատմում է Մարկոսյանն ու հավելում՝ իրականում խմբի անդամները խմբի փլուզումից հետո շարունակել են ընկերությունը։ Կարծում է՝ եթե Ջոն Լենոնը չսպանվեր, գուցե խմբի վերամիավորումը հնարավոր լիներ։

Սուրեն Պողոսյանը շատ է կարևորում խաղացանկում նման ներկայացումների ընդգրկումը։ Ըստ նրա՝ պետք է խոսել այն խմբերի, կատարողների մասին, որոնք ոգով են ստեղծագործել, չեն մտածել թրենդների մասին, չեն մտածել, թե որ երգն ինչպես կատարել, որ այն  հիթ դառնա, այլ երգել են զգացածն ու ապրածը, ազնիվ են եղել։ «Իմ կերպարն առավել քան ազնիվ է։ Ռինգոն խմբի հոգին էր, պայծառությունն էր, խիղճն էր։ Բոլոր ինտրիգների, վայրիվերումների մեջ Ռինգոն լուսավոր կետ էր։ Կարծում եմ՝ նա դերակատարություն է ունեցել նրանում, որ խումբն ավելի շուտ չի փլուզվել»,-ասում է դերասանը։

Խմբի ամենահայտնի դեմքը Ջոն Լենոնն է եղել, բայց Սուրենը նրան երբեք չի սիրել, իսկ Ռինգոյին ու Ջորջ Հարիսոնին բավարար չի ուսումնասիրել։ Այժմ շատ է համակրում հենց Ռինգո Սթարին՝ ազնվության, մաքրության ու նվիրվածության համար։

Զիրոյանը Ջորջ Հարիսոնին լեգենդ է համարում ու նշում, որ բնավորությամբ նման են.  թե՛ Հարիսոնը, թե՛ ինքը լռակյաց են։ «Հարիսոնն իր մենախոսության մեջ ասում է, որ երբեմն խոսում է, բայց իրեն չեն լսում, բայց ինքը չի նեղանում։ Իմ բոլոր ընկերները կփաստեն՝ երբ ես ինչ-որ բան եմ ասում և ինձ չեն լսում, մի քանի օր հետո խոստովանում են, որ ես ճիշտ էի ու հարկավոր էր լսել ինձ։ Հարիսոնին գտել եմ, Դավիթը ևս գտել է, քանի որ ինձ ճանաչում է։ Նա գիտի, որ փակ մարդ եմ, բայց երբ պետք է  բացվել, ստացվում է։ Հարիսոնը ևս լռակյաց է եղել, բայց արել է իր աշխատանքը»,-ընդգծում է դերասանը։

Հանդիսատեսը ոգևորված էր, արտիստների հետ կատարում էր խմբի բոլոր երգերը, որոնցից շատերի ստեղծման պատմություններին ծանոթացավ ներկայացման միջոցով։

Երևանի կամերային թատրոնի հաջորդ երաժշտական ճամփորդությունը նվիրված կլինի ականավոր երաժիշտ Ռեյ Չարլզին։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում