Իրանի անվտանգությանը սպառնացող արտաքին ռիսկերն ավելի բարձր են, քան ներքին ռիսկերը․ իրանագետի վերլուծությունը

7 րոպեի ընթերցում

Իրանագետ Նվեր Դավթյանը կարծում է, որ այս պահին դրական մթնոլորտ է ձևավորվել Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Միևնույն ժամանակ, նրա կարծիքով,  Իսրայելը որոշակի ճնշում է գործադրում ԱՄՆ-ի ու Իրանի միջև բանակցությունների կազմակերպման ձևաչափի վրա, որպեսզի ներառվեն նաև այնպիսի կետեր, որոնք կարող են ձախողել այդ բանակցությունները։  

«Արմենպրես»-ի հետ զրույցում Նվեր Դավթյանն անդրադարձավ Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, ինչպես նաև հարևան երկրում առկա ներքին կյանքին՝ խոսելով այն ռիսկերի մասին, որոնք առնչվում են Իրանի արտաքին և ներքին անվտանգությանը։ 

«Խոսքն առնչվում է Իրանի ռազմապաշտպանական կարողությունների նվազեցմանը, մասնավորապես՝ հրթիռային ծրագրերի սահմանափակմանը, ինչպես նաև Իրանում դեռևս պահպանված շուրջ 400 կիլոգրամ բարձր հարստացված ուրանը երկրից դուրս բերելուն, միջուկային ծրագրի հետագա զարգացումը բացառելուն և տարածաշրջանում պրոիրանական ուժերին ցուցաբերվող աջակցությունը կասեցնելուն։ Եթե խոսքը վերաբերի միայն միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին, որոնք ընթանում էին նախորդ տարվա ընթացքում, ապա այդ առումով խնդիրներ չեն լինի»,- նշեց Դավթյանը։

Նա, նկատեց, որ ԱՄՆ-ն և Իրանը ակնհայտորեն ցուցաբերում են միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները վերսկսելու պատրաստակամություն, սակայն ամերիկյան կողմի վրա առկա է Իսրայելի ճնշումն ու ազդեցությունը, քանի որ Իսրայելին որևէ կերպ ձեռնտու չէ միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ձեռքբերումն ԱՄՆ-ի ու Իրանի միջև։

«Եթե նախորդ անգամ՝ 2025 թվականին տեղի ունեցած բանակցությունները, տապալվեցին Իրանի նկատմամբ Իսրայելի անմիջական ագրեսիայի հետևանքով, ապա այս անգամ նույնպես նման սցենարի կիրառումը բացառված չէ»,- ասաց իրանագետը։

Նրա դիտարկմամբ՝ տարածաշրջանը ռազմուժի կուտակման և կողմերի պատրաստվածության առումով գտնվում է պայթունավտանգ իրավիճակում, ու թեև ԱՄՆ-ի ու Իրանի միջև վերջին օրերին ագրեսիվ հռետորաբանությունը նվազել է, այդուհանդերձ Պարսից ծոցում, Միջերկրական ծովում, Հորդանանում կամ Իսրայելի հարևանությամբ գտնվող ուժերի կուտակման իրողությունը վկայում է կանխատեսելի այլ իրավիճակի մասին, ըստ որի՝ ռազմական էսկալացիայի հավանականությունը մնում է բարձր։

«Հնարավոր է, որ բանակցությունների ընթացքում իրանական կողմին ներկայացվեն այնպիսի պահանջներ, որոնց պատճառով գործընթացը դարձյալ կմտնի փակուղի, ինչից հետո կրկին կլինեն ռազմական գործողություններ։ Այդ դեպքում իրանական կողմի պնդմամբ՝ տեղի կունենա ոչ լոկալ պատերազմ, որը կընդգրկի ամբողջ Մերձավոր Արևելքը, և ռազմական գործողությունները տարածաշրջանում կտարածվեն նաև հակամարտող երկրների ազդեցության գոտիների վրա՝ ներառելով Իրաքը, Եմենը Իսրայելը, արաբական երկրները»,- նշեց մեր զրուցակիցը։

Դավթյանի կարծիքով՝ ԱՄՆ-ի քաղաքական վերնախավի և անձամբ նախագահ Դոնալդ Թրամփի մոտ, այդուհանդերձ, կա այն ըմբռնումը, որ կողմերը պետք է վերսկսեն բանակցությունները։

«Թրամփն ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատարությանն ու անվտանգության տարբեր գերատեսչություններին հանձնարարել է մշակել այնպիսի պլան, որը կապահովի կարճատև, արագ և արդյունավետ պատերազմ, սակայն դրա հավանականությանը դժվար է հավատալ։ Նույնիսկ իրենք էլ վստահ չեն, բայց որ պատերազմը կարող է աշխարհագրության, կողմերի ընդգրկվածության և ծավալների առումով թևակոխել նոր փուլ՝ միանգամայն կանխատեսելի է։ Հատկապես ամենամեծ գործողությունները կարող են տեղի ունենալ Պարսից ծոցի հատվածում, որտեղ ամենաշատ քանակով ամերիկյան ուժերն են կուտակված, և որտեղ գտնվում են ամերիկյան ռազմաբազաները»,- ասաց Դավթյանը։

Անդրադառնալով այն դիտարկմանը, որ արտաքին ուժերը ցանկանում են Իրանին ճնշել ոչ միայն արտաքին դաշտում, այլև ձգտում են ապակայունացնել երկիրը ներսից, իրանագետն ընդգծեց, որ հունվարի 20-ից հետո հարևան երկրում լուրջ հասարակական ցնցումներ, բողոքի զանգվածային ակցիաներ տեղի չեն ունեցել, ինչը վկայում է այն մասին, որ իրավիճակը տեղի իշխանությունների կողմից ուժային կառույցների միջոցով, և անհրաժեշտության դեպքում՝ լրացուցիչ միջոցների կիրառմամբ, վերահսկելի է։

«Ֆինանսատնտեսական իրավիճակի մասով պետք է նշել, որ իշխանությունները փորձում են կանգնեցնել ազգային արժույթի գնանկումը, ֆինանսական շուկայում նկատվում են կայունացման որոշակի միտումներ, բնակչությանը տրամադրվում են սոցիալական աջակցության փաթեթներ, որոնք կարճաժամկետ կտրվածքով զանգվածային ընդվզումների, հանրային դժգոհությունների ալիքը մեղմելու նպատակին են միտված։ Զուգահեռաբար, ներքին անվտանգությունից ելնելով՝ վերջին օրերին Իրանում իրականացվել են բազմաթիվ ձերբակալություններ, բերման են ենթարկվել հունվարին տեղի ունեցած անկարգությունների կազմակերպիչներն ու այդ գործընթացում ակտիվությամբ աչքի ընկած անձինք։ Ձերբակալվածների թիվը հասնում է տասնյակ հազարների, ինչը նույնպես նվազեցրել է ներքին անվտանգության ռիսկերի բարձրացման հավանականությունը»,- ասաց Դավթյանը։

Նա հավելեց, որ մատակարարումները նույնպես կատարվում են առանց խոչընդոտների, և եթե նախորդիվ սահմանային անցակետերում առաջին անհրաժեշտության ապրանքներն ու պարենամթերքներն արագ չէին մաքսազերծվում, ապա այժմ Կառավարության հատուկ հրահանգներով նման հապաղումները խստիվ արգելված են։

«Ներկայումս Իրանի անվտանգությանը սպառնացող արտաքին ռիսկերն ավելի բարձր են, քան ներքին ռիսկերը»,- եզրափակեց Դավթյանը։     

Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի խորհրդական Ալի Շամխանին հայտարարել է, որ Իրանն, անկասկած, կթիրախավորի Իսրայելը՝ Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի ագրեսիայի դեպքում, քանի որ նրանք մեկ ամբողջություն են։

Շամխանիի խոսքով՝ եթե ԱՄՆ-ն հարված հասցնի, ապա Իսրայելն, անշուշտ, կներգրավվի, և պատասխանը պետք է համաչափ լինի։ Նա հավելել է, որ պատասխանի մասշտաբը կախված կլինի նրանց գործողություններից և քայլերից։

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ բանակցություններ են ընթանում։ Նա նաև նշել էր, որ միջուկային համաձայնագրի բացակայությունը վատ հետևանքներ կունենա Իրանի համար։ Թրամփը հիշեցրել էր, որ ամերիկյան հսկայական ռազմական նավատորմ է շարժվում դեպի Իրան։

Ժամեր առաջ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային բանակցությունները տեղի կունենան փետրվարի 6-ին Օմանում:

Հայերեն Русский