Կենսաթոշակային ֆոնդերի 558 հազար մասնակից, 750 միլիարդ ակտիվներ. «Ամունդի-Ակբա»-ն ամփոփում է 2025-ը
3 րոպեի ընթերցում

Կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչ «Ամունդի-Ակբա»-ն 2025 թվականն ամփոփում է կարևոր ձեռքբերումներով։ ՀՀ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի առաջատար ակտիվների կառավարիչը 2025 թվականն ամփոփել է 750 միլիարդ ՀՀ դրամ ակտիվներով։
Ամփոփելով նախորդ տարվա կատարված աշխատանքը՝ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Ամունդի-Ակբա» ընկերության գործադիր տնօրեն Ժան Մազեջյանը նշեց, որ նկատելի առաջընթաց ունեն կենսաթոշակային ֆոնդերում ներգրավված անձանց թվաքանակի ցուցանիշում։
«Ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում մեր ընկերությունը ձևավորել է կայուն աճի վստահելի պատմություն և էական ազդեցություն է ունեցել Հայաստանի ֆինանսական համակարգի զարգացման վրա։ Ներկայում մեր ընկերությունը կառավարում է շուրջ 558,000 անձանց կենսաթոշակային ակտիվներ»,-ասաց Ժան Մազեջյանը։

750 մլրդի 26 տոկոսը գոյացել է կառավարման արդյունքում գոյացած եկամտից։ Ակտիվների շուրջ 64 տոկոսը ներդրվել է Հայաստանում, իսկ մյուս մասը դիվերսիֆիկացված է միջազգային շուկաներում։ Ուշադրության կենտրոնում են եղել տարբեր ոլորտներ՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, ֆինանսներ, արդյունաբերություն, առողջապահություն, էներգետիկա, անշարժ գույք և այլն։ «Ամունդի-Ակբա» ընկերության գլխավոր ներդրումային տնօրեն, զարգացման գծով փոխտնօրեն Հրայր Ասլանյանը կարևորեց նախորդ տարի կատարած օրենսդրական փոփոխությունները, որոնք նոր հնարավորություն են տալիս։
«Շատ կարևոր օրենսդրական փոփոխություններ եղան, որոնց արդյունքում կենսաթոշակային ֆոնդերը հնարավորություն ունեն ուղիղ ներդրում կատարելու տնտեսության իրական հատվածում։ Այս առումով բավական դրական զարգացումներ ունենք, կարծում եմ առաջիկայում հանրությանն այդ մասին տեղյակ կպահենք»,-ասաց Հրայր Ասլանյանը։

«Ամունդի-Ակբա»-ն ուշադրության կենտրոնում է նաև հայաստանյան կարևոր ենթակառուցվածքները։ Մասնավորապես, ներդրումներ կատարվել են ՀԷՑ-ում, որն առանցքային ենթակառուցվածքներ ունի երկրի տնտեսության համար։
«Մենք հանդիպումներ ենք ունեցել ՀԷՑ-ում՝ հասկանալու կառույցի հեռանկարները, պարտքի սպասարկման հնարավորությունները։ Ընկերության ղեկավարությունը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ պատրաստակամ են ամբողջությամբ կատարել իրենց ֆինանսական պարտավորությունները, այդ թվում կենսաթոշակային ֆոնդերի նկատմամբ։ Հետագա համագործակցության առիթներ, հուսով ենք, կունենանք։ Մինչ այդ պետք է հասկանալ ՀԷՑ-ի իրավական կարգավիճակը»,-հավելեց Հրայր Ասլանյանը։
