Արհեստական բանականության ներդրմամբ մշակվում է բուժհիմնարկներում հերթերի կառավարման գործիքակազմ
3 րոպեի ընթերցում

Արհեստական բանականության որոշակի ներդրմամբ՝ ԱՐՄԵԴ-ի կողմից մշակվող գործիքակազմով նախատեսվում է էլեկտրոնային դարձնել բուժծառայությունները այն դեպքերում, երբ բժիշկը կկարողանա հեռավար, բայց նույն ճշտությամբ ու որակյալ որոշումներ կայացնել, ինչպես բուժառուի ֆիզիկական այցի դեպքում։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ԱՐՄԵԴ-ի տնօրեն Ավետ Մանուկյանը։

Ամենակարևորը ներկայում հերթերի նվազեցումն է, որը կարող է առաջանալ, մասնավորապես, համընդհանուր ապահովագրության շահառուներին ընտանեկան բժշկի կողմից անվճար հետազոտությունների ուղեգրերի տրամադրման գործընթացում։
«ԱՐՄԵԴ-ի համար առաջնահերթ խնդիրը մոտակա ժամանակահատվածում այդ հերթերը նվազեցնելն է։ Դրա միայն մեկ ձև կա՝ ֆիզիկական այցից խուսափելը։ Շատ դեպքերում անհնար է խուսափել, որովհետև պացիենտը պետք է ֆիզիկական զննում անցնի բժշկի կողմից, որպեսզի իր առողջական վիճակը հստակ լինի և հստակ որոշում կայացվի, թե ինչ է նրա հետ կատարվում ու ինչ հետազոտությությամբ այդ կասկածը կարող է հաստատվել կամ հերքվել։ Եթե կան դեպքեր, երբ առանց բուժառուի ֆիզիկական այցի և իր ժամանակից 15 րոպե կորցնելու բժիշկը կկարողանա իր որոշումը նույն որակով ու ճշտությամբ կայացնել, ապա մենք դա պետք է դարձնենք էլեկտրոնային»,-մանրամասնեց Մանուկյանը։

ԱՐՄԵԴ-ի տնօրենն ընդգծեց, որ ներկայում սահմանափակ կերպով պիլոտավորում անցնող այդ գործիքակազմը հաջողված կարելի է համարել, եթե հնարավոր լինի առանց ծառայության որակին ու քաղաքացու առողջությանը վնաս պատճառելու ժամանակ խնայել։
Արհեստական բանականության ներդրմամբ նախատեսվող այդ գործիքակազմը կօգնի բժշկին խնայել ժամանակ՝ կատարելով գործողություններ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի բուժառուին առանց նրա այցելության ուղեգրել հետազոտության։
«Սա հաստատ կլինի։ Ուղղակի հիմա բժիշկներին մի փոքր ընտելացնում ենք նրան, թե ինչ է սպասվում, որ այն դեպքերում, երբ կարողանան, քաղաքացուն առցանց՝ առանց ֆիզիկապես ներկայանալու, միանգամից ուղեգրեն հետազոտման։ Այսինքն՝ բժիշկ-քաղաքացի շփումը նվազեցնենք՝ առանց որակի կորստի»,-ընդհանրացրեց ԱՐՄԵԴ-ի տնօրենը։

Նրա տեղեկատվությամբ՝ սահմանափակ կերպով իրականացվող փորձարկման, ինչպես նաև նախապատրաստական թրեյնինգների ընթացքում հաշվի են առնվում բուժանձնակազմի կարծիքներն ու բարձրաձայնած խնդիրները հերթերի կառավարման այդ գործիքակազմի վերաբերյալ։
