3 րոպեի ընթերցում
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի արքա Չարլզ III-ի կրտսեր եղբայրը՝ 65-ամյա Էնդրյու Մաունթբեթեն-Վինձորը, պետք է ցուցմունք տա ԱՄՆ կոնգրեսում ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի գործով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Reuters-ը։
«Ցանկացած ոք, ով տեղեկություններ ունի, պետք է պատրաստ լինի կիսվել դրանցով ցանկացած ձևով, որով իրենից դա կխնդրեն։ Անհնար է կենտրոնանալ զոհերի շահերի վրա, եթե դրան պատրաստ չես»,— ասել է Սթարմերը լրագրողներին։
Էնդրյու Մաունթբեթեն-Վինձորը չի պատասխանել Reuters-ի հարցմանը, իսկ Բուքինգհեմյան պալատը հրաժարվել է մեկնաբանություններից։
Բրիտանիսյի վարչապետը այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրապարակել է Էպշտեյնի գործով փաստաթղթերի նոր շարքը։ Դրանցում հայտնվել են էլեկտրոնային նամակներ, որոնք ցույց են տալիս, որ Էնդրյուն ավելի քան երկու տարի շփվել է Էպշտեյնի հետ այն բանից հետո, երբ 2008 թվականին ֆինանսիստը մեղավոր է ճանաչվել երեխաների նկատմամբ սեքսուալ բնույթի հանցագործությունների մեջ։
Հրապարակված նյութերում հայտնվել են լուսանկարներ, որոնցում Էնդրյուն նստած է ծնկների վրա ու ձեռք է տալիս գետնին պառկած կնոջը։ Լուսանկարներում կնոջ դեմքը ռետուշված է։
ԱՄՆ արդարադատության նախարարության տարածած փաստաթղթերից հետևում է, որ Էնդրյուն պարբերաբար նամակագրության մեջ է եղել Էպշտեյնի հետ, այդ թվում՝ նրանք քննարկել են հնարավոր բիզնես գործարքները, հանդիպումները, ինչպես նաև կանանց, որոնց ֆինանսիստը առաջարկել է ծանոթացնել արքայազնի հետ։ Նամակներից մեկում Էպշտեյնը առաջարկել է երեք կին բերել Բուքինգհեմյան պալատ։
Էնդրյուն ընկերություն է արել Ջեֆրի Էպշտեյնի հետ։ Բրիտանական արքայի եղբայրը հերքել է իր առնչությունը ամերիկացի ֆինանսիստի հանցագործություններին ու ասել, որ դադարեցրել է նրա հետ շփումները այն բանից հետո, երբ Էպշտեյնի նկատմամբ դատավճիռ են կայացրել 2008 թվականին։ Էնդրյուի խոսքերով՝ նրանք հանդիպել են Նյու Յորքում 2010 թվականին՝ բայց միայն հարաբերություններին վերջ տալու համար։
Էպշտեյնի զոհերից մեկը՝ ամերիկուհի Վիրջինիա Ջուֆրեն, ասել է, որ ֆինանսիստը «փոխ էր տալիս» իրեն իր ազդեցիկ ծանոթներին, այդ թվում՝ Էնդրյուին։ Նրա խոսքով՝ ինքը երեք անգամ սեքսով է զբաղվել Էնդրյուի հետ 2001 թվականին, երբ 17 տարեկան էր։ Ջեֆրին ինքնասպանություն է գործել 2025 թվականի ապրիլին։
Մեծ Բրիտանիայի արքան 2025 թվականի հոկտեմբերին զրկել է Էնդրյուին արքայազնի տիտղոսից։