Սուրբ Սարգսի տոնի առթիվ պարգևատրվել է 20 զինծառայող
5 րոպեի ընթերցում

Սուրբ Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 քաջ զինվորների տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը 11-րդ անգամ պարգևատրել է 20 արժանավոր զինծառայողների։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պարգևատրվողների ցանկը տրամադրել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։
Միջոցառումը մեկնարկել է սուրբ պատարագով, որին հաջորդել է հանդիսավոր արարողությունը։ Ողջույնի խոսքով հանդես են եկել Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, որից հետո տեղի է ունեցել զինծառայողների պարգևատրումը։
«Այսօր Քրիստոսի երանելի վկա, «երագահաս բարեխօս, սուրբ զօրապետ եւ մենամարտիկ Սուրբ Սարգիս Զորավարի հիշատակության օրն է, ով իր վարքով և նահատակությամբ դարձավ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի վարդապետության անկոտրուն քարոզիչը: Նա իր նահատակությամբ վկայեց, որ Քրիստոսի հանդեպ ունեցած սերն ու հավատքն առավել են երկրային կյանքից: Սուրբ Սարգիսի հետ միասին նահատակության պսակին արժանացան Մարտիրոս որդին և 14 մարտակից ընկերները:
Սիրելի՛ք, հայրենասիրությունը միայն խոսք չէ, այն գործ է, աղոթք և ինքնազոհություն, հավատամք է և ճշմարիտ պայքար։ Սուրբ Սարգիսն ամենքիս համար քաջության, հավատարմության և անձնազոհության խորհրդանիշը դարձավ։ Եվ մեր զինվորներն այսօր այդ բացառիկ արժեքների կրողն են։ Նրանք իրենց երիտասարդ տարիները, ուժն ու կորովը նվիրում են հայրենիքին։ Նրանց սրտերում Հայրենիքի հանդեպ ունեցած անսակարկ սերն է, և անվեհեր հավատով ու անձնվիրությամբ կանգնած են հայրենիքի պաշտպանության առաջնագծում։
Ուրախությամբ պիտի արձանագրենք, որ այս պահին մեր կողքին են քսան քաջ հայորդիներ՝ ժամկետային պարտադիր զինծառայողներ, «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ժամկետային ծառայողներ և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտներ՝ իրենց հարսնացուների հետ միասին: Սուրբ Սարգիսը երիտասարդների՝ սիրահարների երկնային արագահաս բարեխոսն է, ով ականջալուր է նրանց աղոթքներին: Ուստի, սիրասո՛ւն օրիորդներ, հպարտացե՛ք ձեր սիրելի հայրենյաց պաշտպաններով, աղոթե՛ք և խնդրե՛ք սրբի բարեխոսությունը, որպեսզի իրենց անբասիր ծառայությունից տուն վերադառնան, և օրհնյալ միությամբ կազմեք ամրաձույլ ընտանիքներ:
Այս հանդիսավոր պահին մենք մեր օրհնությունն ու գնահատանքն ենք բերում մեր քաջ ու հայրենասեր զինվորներին՝ հայրենիքի պաշտպանության սրբազան գործը պատվով իրականացնելու համար»,-իր ելույթում ասել է այ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։
Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել շարքային Գրիգոր Հայրապետյանը, որը նշել է, որ Սուրբ Սարգսի տոնը հայ ժողովրդի համար ունի առանձնահատուկ նշանակություն՝ որպես երիտասարդների և զինվորների բարեխոս սուրբ։
Նրա խոսքով՝ Արարատյան Հայրապետական թեմի կողմից տոնի կապակցությամբ զինվորներին հանձնված նվերները պարտավորեցնում են շարունակել ծառայությունը պատվով, նվիրումով և հավատքով՝ կատարելով Հայրենիքի պաշտպանի սրբազան առաքելությունը։
«Գնահատելով մեր ծառայությունը՝ այսօր մեզ հանձնվեցին նվերներ, ինչն ավելի է պարտավորեցնում պատվով շարունակել ծառայությունը»,-նշել է Հայրապետյանը՝ շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին։
Ելույթ է ունեցել նաև կուրսանտ Դանիել Դանիելյանը, որը զինծառայողների անունից շնորհակալություն է հայտնել ցուցաբերված ուշադրության և ջերմ վերաբերմունքի համար։
«Այս օրը հիշեցնում է, որ զինվորը միայնակ չէ իր ծառայության ճանապարհին․ մեզ հետ են մեր ընտանիքները, մեր մայրերի աղոթքները և ընտրյալների սերը»,– նշել է նա՝ ընդգծելով, որ Սուրբ Սարգիսը սիրո, հավատարմության և քաջության խորհրդանիշ է։
Միջոցառումն եզրափակվել է համերգային ծրագրով։