Մարտունիում կայացել է «Նորարարական անասնապահություն» թեմայով հանդիպում-քննարկում
2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունիի համայնքապետարանում կայացել է «Նորարարական անասնապահություն» թեմայով հանդիպում-քննարկում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից, «Նորարարական անասնապահություն. կենդանիների նախրաքաշ, բուծում և շուկաներ» (INLIMA) ծրագիրը ՀՀ-ում մեկնարկել է 2025 թվականի նոյեմբերից։ Այն միտված է Հայաստանում անասնապահության ոլորտի բարեփոխումներին, գյուղական տնտեսությունների եկամուտների աճին և պարենային անվտանգության ամրապնդմանը։
Ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից՝ Ավստրիական զարգացման և համագործակցության ծրագրային միավորի՝ Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։
Ծրագիրը ներկայացնելու նպատակով Մարտունի համայնք են այցելել ծրագրի ղեկավար Վահե Հովհաննիսյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության մասնագետներ։
Հանդիպմանը մասնակցել են համայնքում անասնապահական ոլորտի մասնագետներ, կաթ վերամշակողներ, սպանդանոցների ներկայացուցիչներ, կովերի արհեստական սերմնավորում իրականացնող տեխնիկներ և անասնաբույժներ։
Ներկայացվել է ծրագրի իրականացման նպատակները, բաղադրիչները, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի և նրա համայնքների ներգրավվածության ու դերակատարման մանրամասները։ Ծրագրի ղեկավարը նշել է, որ Գեղարքունիքի մարզում առաջին փորձը ցանկանում են իրականացնել Մարտունի համայնքում։