Գեղարքունիքի մարզպետը Վարդենիսի բժշկական կենտրոնում դիտարկել է բուժսպասարկման կազմակերպման և շենքի վերանորոգման աշխատանքները
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այց է կատարել Վարդենիսի բժշկական կենտրոն՝ ծանոթանալու բուժօգնության կազմակերպման ընթացքին և շենքի վերանորոգման աշխատանքներին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, Կարեն Սարգսյանը շրջել է բաժանմունքներում, զրուցել բուժանձնակազմի և ստացիոնար բուժման մեջ գտնվող քաղաքացիների հետ։
Այցի ընթացքում խոսվել է նաև առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման կարևորության մասին, որը նպաստում է բժշկական ծառայությունների հասանելիությանը և քաղաքացիների ֆինանսական պաշտպանությանը։
Բուժառուները մարզպետի հետ զրույցում նշել են, որ այժմ ավելի արագ և հեշտ են դիմում բժշկական օգնության, իսկ մի շարք հետազոտություններ ու բուժման տեսակներ դարձել են ավելի հասանելի։
Անդրադառնալով շենքի վերանորոգման հետ կապված հարցին՝ Կարեն Սարգսյանը նշել է, որ այն իրականացվում է որպես ժամանակավոր լուծում՝ մինչև Վարդենիսի բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցումն ու շահագործումը։