Քրեական ոստիկանությունը բացահայտել է 2025 թվականին կատարված սպանության բոլոր դեպքերը
4 րոպեի ընթերցում

Հայաստանի քրեական ոստիկանությունը բացահայտել է 2025 թվականին կատարված սպանության բոլոր դեպքերը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացնելով նախարարության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը։
Նախարարը ներկայացրել է մի շարք ցուցանիշներ, որոնք վկայել են կայացված որոշումների արդյունավետության մասին, որոնք վերաբերել են և՛ համայնքային ոստիկանության, և՛ քրեական ոստիկանության, թե՛ պարեկային ծառայության աշխատանքներին։
«Մասնավորապես, 2025-ին առգրավվել են տարբեր տեսակի 768 կգ թմրամիջոցներ, ինչը 80 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Առգրավվել է 2,5 տոննա ապօրինի որսած ձուկ, բացահայտվել է խոշորամասշտաբ ներդրումային խարդախություններով զբաղվող 4 խումբ։ Առգրավված, հայտնաբերված և կամավոր հանձնված հրազենի թվաքանակը նախորդ տարվա համեմատ աճել է 42,2 տոկոսով։ Հայտնաբերվել է պետությանը և համայնքին պատճառված 25 մլրդ դրամի նյութական վնաս, ձերբակալված և կալանավորված անձի վերաբերյալ ուղեկցման հայտերը կատարվել են մոտ 98 տոկոսով։ Քրեական ոստիկանությունն արձանագրել է չբացահայտված սպանության 0 դեպք, ինչը նախարար Սարգսյանը հատկապես կարևորել է՝ որպես հանցավորության կանխարգելման համատեքստում էական ցուցանիշ։ Պարեկային ծառայության կողմից բացահայտված հանցագործության դեպքերը 2024-ին եղել են 11 948, 2025-ին՝ 14 969, Ոստիկանության կողմից վարորդական իրավունքից զրկման դեպքերը 5435 են, մինչդեռ ճանապարհային ոստիկանության 3 տարվա միջին տարեկան արդյունքը 764 էր։ Պարեկային ծառայության ներդրումից ի վեր կայուն նվազման միտում են դրսևորում ՃՏՊ-ներից զոհերի ցուցանիշները՝ 2024-ին թիվը 2023-ի համեմատ նվազել է 45-ով, իսկ 2025-ին՝ ևս 50-ով։ Արդյունավետության բարձր ցուցանիշ առկա է նաև վարչական իրավախախտումների մասում․2025-ին Պարեկային ծառայությունը կազմել է շուրջ 1 մլն արձանագրություն, մինչդեռ ՃՈ-ի կողմից 3 տարվա տարեկան միջին ցուցանիշը 300 000 էր»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Անդրադառնալով ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թվի նվազմանը՝ վարչապետը նշել է․ «Մի կողմից ասում են այսքան մարդ զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից, մյուս կողմից ունենք զոհերի նվազում։ Այս երկու թվերը պետք է իրար հետ ներկայացնել»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։
Ներքին գործերի նախարարը մանրամասնել է, որ 2023 թվականին 2022-ի համադրությամբ արձանագրվել է ՃՏՊ–ների հետևանքով զոհերի թվի աճ։ Սակայն 2024-ին 2023-ի համեմատ զոհերի թիվը նվազել է 45-ով, 2025-ին 2024-ի համեմատ՝ 50-ով։ Արփինե Սարգսյանը շեշտել է, որ 5435 անձանց վարորդական իրավունքից զրկելու գերակշիռ պատճառը եղել է ալկոհոլի օգտագործմամբ վարելը։
Վարչապետն ընդգծել է, որ այս թվերը չեն կարող միմյանց հետ կապ չունենալ, դրա համար էլ վարորդական իրավունքից զրկվածների թվի շուրջ մեծ նեգատիվ է գեներացվում։ «Ուզում եմ հիշեցնել, թե 2022 և 2023 թվականներին ինչ մթնոլորտ էր հանրապետությունում, այդ թվում՝ Ազգային ժողովում, սոցիալական ցանցերում, ասում էին, թե ոչինչ չի ձեռնարկվում։ Հիմա, եթե այս 5435 անձը վարեր՝ զոհերի թիվը չէր կարող նվազել և այս 2 թիվը պետք է միմյանց հետ համադրությամբ ներկայացնել»,-նշել է երկրի ղեկավարը։