Հայաստան

Կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի նոր ենթակառուցվածքը ներառելու է 22 տարածքային գրասենյակ

3 րոպեի ընթերցում

Կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի նոր ենթակառուցվածքը ներառելու է 22 տարածքային գրասենյակ

Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել կենսաչափական անձնագրի և նույնականացման քարտերի ենթակառուցվածքի ներդրման աշխատանքները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՆԳ նախարարն այդ ուղղությամբ կատարվող աշխատանքները վարչապետին է ներկայացրել ՆԳՆ 2025 թվականի գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ։

Անդրադարձ է կատարվել կենսաչափական անձնագրի և նույնականացման քարտերի ենթակառուցվածքի ներդրման աշխատանքներին, մասնավորապես՝ պետություն–մասնավոր գործընկերության պայմանագրի կատարման ընթացքին, այդ թվում՝ մասնավոր գործընկերոջ աշխարհագրական ցանցի՝  տարածքային գրասենյակների ընտրության և շինարարական ընթացքին, գլխամասային գրասենյակի, փաստաթղթերի գեղարվեստական ձևավորման և անվտանգային բաղադրիչների հարցերին։ Ի պատասխան վարչապետի հարցին՝ նախարարը նշել է, որ 22 գրասենյակներից 21-ը տեղորոշված են։ «Ըստ մեր ֆրանսիացի գործընկերների՝ ապահովվելու է, որ բնակիչները, որոնք օգտվելու են այս ծառայությունից, առավելագույնը 30 րոպեի ընթացքում հասանելիություն կունենան գրասենյակին»,-նշել է նախարարը։  

Առանձին ուշադրության է արժանացել Միգրացիայի և քաղաքացիության ռազմավարական պլանը, որը բխում է ժողովրդագրության ռազմավարությունից, միաժամանակ՝ վիզաների գործողությունների ծրագրից։  Կարևորվել է քաղաքացիության բաղադրիչը, ինստիտուտի համալիր վերանայման հրամայականը։ Նշվել է, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումներն ընդունվում են թվային տարբերակով։ «Հունվարի 1-ից ամբողջը թվային է։ Ողջ վերիֆիկացիոն պրոցեսներն իրականացվում են պլատֆորմով, այդ թվում՝ հերթերի կառավարման, վճարումների գործընթացները»,-նշել է նախարար Սարգսյանը։  

Բնակչության պետական ռեգիստրի փոխակերպումը ևս շեշտադրվել է։  Նշվել է, որ նպատակը մեկն է՝ միասնական, ունիվերսալ և ճշմարիտ շտեմարան ստեղծելն է, որի ցանկացած տվյալ ունենալու է իրավական ուժ, ժամանակային կնիք։ Տարբեր գերատեսչություններ այլևս չեն վարելու իրենց սեփական շտեմարանները, պետական մարմիններն այլևս չեն ուղղորդելու քաղաքացուն որևէ տեսակի տեղեկանք ներկայացնելու, հավելյալ տվյալ ներկայացնելու։ Քաղաքացին ունենալու է հասանելիություն սեփական տվյալներին, դրանք արտածելու հնարավորություն, ինչպես նաև տվյալը տնօրինելու, փոխելու հայտ ներկայացնելու ֆունկցիա։ Իսկ սահմանային էլեկտրոնային կառավարման շտեմարանի հետ համադրումն այն կվերածի միանգամայն ուժեղ, արդյունավետ միգրացիայի կառավարման գործիքի։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում