Համազգային թատրոնը «Սուրբ Անտոնիոսի հրաշքը» ներկայացմամբ ազդարարեց սեփական շենքում գործունեության մեկնարկը
5 րոպեի ընթերցում
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը, որի ակունքներում կանգնած են ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանն ու այլ երախտավորներ, հիմնադրվել է Հայաստանի համար բավականին բարդ շրջանում՝ 1991 թվականին։ Թատրոնն իր հետաքրքիր ներկայացումներով հույս ու սեր է նվիրել հանդիսատեսին, լուսավորել նրա միտքն ու հոգին։
Թատերախումբը, որի կորիզն են Սարգսյանի ուսանողները, ստեղծման օրից գործել է տարբեր հարթակներում՝ չունենալով սեփական շենք։ Երկար սպասումն ու հույսը վերջապես արդարացվեցին։ Այժմ թատրոնը կգործի սեփական հարկի տակ։ Հատուկ Համազգայինի համար կառուցված շենքը Անրի Վեռնոյ 3 հասցեում է։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թատերախումբը թատրոնի շենքում գործունեության մեկնարկն ազդարարեց հունվարի 23-ին Մորիս Մետերլինկի «Սուրբ Անտոնիոսի հրաշքը» ներկայացման առաջնախաղով, որի ռեժիսորը թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանն է։
Գրիգորյանի խոսքով՝ բացման համար ընտրել են հենց այդ ներկայացումը, քանի որ թատրոնը ինքը հրաշք է, իսկ Մետերլինկի ստեղծագործությունը թատրոնի մասին է, ներկայացում է ներկայացման մեջ։ «Ցանկանում ենք պատմել այս հրաշքի մասին»,-նշում է ռեժիսորն ու հավելում՝ առաջիկայում հանդիսատեսի դատին կհանձնեն Սիմոն Աբգարյանի «Պենելոպե» ներկայացումը և «Քարը»՝ հիմնված Երվանդ Քոչարի ստեղծագործությունների վրա, իսկ արդեն սիրված ներկայացումները կադապտացվեն նոր բեմին։
Երեսունհինգ տարվա ընթացքում թատրոնը շատ է դեգերել. սկզբում գործել է Ժուռնալիստների միությունում, հետո՝ Գրողների միությունում, երկար տարիներ՝ Թատերական ինստիտուտում, որը նոր շենքի հարևանությամբ է։
Գրիգորյանը կարծում է՝ իրենց հաջողվեց անցնել բոլոր փորձությունների միջով, ապրել և զարգանալ, քանի որ համախմբված են։ «Մեր հաջողության գաղտնիքը սերն է։ Բոլորս ամեն պատի համար անհանգստացել ենք և շատ սիրով ենք աշխատել։ Շատ կուռ կոլեկտիվ ենք, շատ սիրում ենք թատրոնը, և այդ գործում մեծ դերակատարություն ունի Սոս Սարգսյանը, որովհետև նա կարողացավ ստեղծել դպրոց, կազմ, որն իսկապես ապրում է այս թատրոնով ու կարողանում է պահել թատրոնի հոգին։ Շենքը կարևոր է, բայց, եթե չլինի հոգին, մարմինը կիսատ կլինի, իսկ հոգին առողջ է»,-շեշտում է Գրիգորյանն ու հավելում՝ «Սուրբ Անտոնիոսի հրաշքը» ներկայացման ընտրությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ բեմադրության մեջ ընդգկված են թատրոնի գրեթե բոլոր դերասանները։
Ճարտարապետ Իսահակ Ներսիսյանի նախագծով 2019 թվականին մեկնարկած թատրոնի նոր շենքի շինարարությունն իրականացվել է պետական բյուջեի և բարերարների միջոցներով: ՀՀ պետական բյուջեից Համազգային թատրոնի նոր շենքի կառուցման, նորոգման և գույքով համալրման նպատակով ընդհանուր առմամբ ավելի քան 275 մլն դրամ հատկացում է արվել, որից 205 մլն դրամը գույքի և սարքավորման ձեռքբերման, իսկ 70 մլնը` շինարարության համար: Միջոցներն ուղղվել են կառուցապատման, հարդարման, կահավորման աշխատանքներին: Թատրոնն ապահովված է նոր բեմով, ժամանակակից լուսային ու ձայնային համակարգերով, տեխնիկական անհրաժեշտ սարքավորումներով և հնարավորություններով, հանդերձարաններով և դիմահարդարման սենյակներով։
Առաջին հարկում գործում է փոքր բեմ՝ փորձարարական ներկայացումների համար, իսկ երկրորդ հարկում տեղակայվել է մեծ դահլիճը՝ ավելի քան 225 հանդիսականի համար։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի համոզմամբ՝ թատրոնի բացումը ոչ միայն թատերական ոլորտին է ուրախություն բերում, այլև հասարակությանը, երկրին։
Նա վստահեցնում է՝ թատրոնում հրաշալի պայմաններ են ստեղծվել նոր շնչով ստեղծագործելու համար։ Կան տարբեր հարթակներ, որոնք կծառայեն ոչ միայն ներկայացումների, այլև մշակութային այլ միջոցառումների համար։
Քանի որ թատրոնի բացման առթիվ Հայաստան են ժամանել Համազգայինի գործընկերներն աշխարհի տարբեր ծայրերից, թատրոնը չի սահմանափակվի բացման մեկ արարողությամբ. «Սուրբ Անտոնիոսի հրաշքը» ներկայացումը բեմում կլինի նաև հունվարի 25-ին, իսկ հոբելյանական տարվա ընթացքում բազմաթիվ հետաքրքիր նախաձեռնություններ են սպասվում: