Չինաստանն աջակցություն է հայտնել ՄԱԿ-ին՝ Խաղաղության խորհրդի շուրջ քննարկումների ֆոնին
2 րոպեի ընթերցում

Պեկինը մտադիր է հաստատակամորեն պաշտպանել միջազգային համակարգը, որի կենտրոնում գտնվում է ՄԱԿ-ը՝ չնայած արտաքին քաղաքական իրադրության փոփոխություններին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գո Ցզյակունը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններն այն մասին, թե իր կողմից ստեղծվող Խաղաղության խորհուրդը կարող է փոխարինել ՄԱԿ-ին։
«Չինաստանը միշտ էլ կիրառում է իրական բազմակողմանիություն: Ինչպես էլ փոփոխվի միջազգային իրադրությունը, Չինաստանը հաստատակամորեն կպաշտպանի այն համակարգը, որի կենտրոնում գտնվում են ՄԱԿ-ը, միջազգային կարգը՝ հիմնված միջազգային իրավունքի վրա, և միջազգային հարաբերությունների հիմնական նորմերը, որոնք հիմնված են ՄԱԿ-ի Կանոնադրության նպատակների և սկզբունքների վրա», - ընդգծել է դիվանագետը:
Գերատեսչության ներկայացուցիչը նաև հայտնել է, որ Չինաստանը ստացել է ամերիկյան կողմի հրավերը՝ մասնակցելու Խաղաղության խորհրդին:
2025 թ. նոյեմբերի կեսերին ՄԱԿ-ը բանաձև էր ընդունել, որով լիազորել էր ստեղծել Խաղաղության խորհուրդ, որի հետ աշխատող երկրները Գազայի հատվածում միջազգային կայունացնող ուժեր կտեղակայեն։ Գազայի հատվածում խաղաղության Թրամփի առաջարկած ծրագրով խորհուրդը պետք է ժամանակավորապես վերահսկեր Գազայի հատվածի կառավարումը, սակայն ավելի ուշ նա հայտարարեց, որ խորհրդի գործունեությունը կընդլայնվի, և այն կզբաղվի հակամարտություններով աշխարհի տարբեր ծայրերում։
Թրամփը նաև չի բացառել, որ խորհուրդը կարող է փոխարինել ՄԱԿ-ին: