Հիմնանորոգվել և տեխնիկապես վերազինվել է ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքը
3 րոպեի ընթերցում

Հիմնանորոգվել և տեխնիկապես վերազինվել է ՀՀ առողջապահության նախարարության Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Այրվածքաբանության ազգային կենտրոնում հիմնանորոգման արդյունքում ստեղծված պայմաններին ու տեխնիկական նոր հնարավորություններին ծանոթանալու նպատակով հունվարի 21-ին տեղում շրջայց կատարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«2023 թվականի սեպտեմբերյան ողբերգական դեպքերը (խմբ. նկատի ունի 2023 թվականի սեպտեմբերի 25-ին ԼՂ-ում բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունը) շատ մեծ փորձաքար էին մեր համակարգի համար, որովհետև միանգամից մեծ թվով պացիենտներին սպասարկելը անգամ առաջատար շատ կլինիկաների համար իսկապես խնդրահարույց է։ Այո, մեր հիանալի բժշկական թիմի, մեր մյուս ԲԿ-ներից, անգամ՝ այլ երկրներից ժամանած թիմերի միջոցով մենք կարողացանք այդ ժամանակ հնարավոր դարձնել մեր պացիենտների բժշկական օգնությունը, բայց մեզ համար առաջնահերթություն էր, որ մեր վիրահատարանները, վերակենդանացման բաժանմունքները պետք է դառնան լավագույնը»,-նշեց Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ Այրվածքաբանության կենտրոնի մասնաշենքի ամբողջական վերանորոգման ու տեխնիկական հագեցման աշխատանքները շարունակական են, որի արդյունքում կառույցը կապահովվի նորագույն ստանդարտներին համապատասխան ու տեխնիկապես գերհագեցած պայմաններով։

Ավանեսյանը հայտնեց նաև, որ նախատեսվում է տեղում ստեղծել պլաստիկ վիրաբուժության հատված։

Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով՝ հիվանդանոցը սովորական պայմաններում կարող է ընդունել շուրջ 60 բուժառու, իսկ արտակարգ դրության ժամանակ՝ 100։

«Վերակենդանացման բաժանմունքը 10 մահճակալից է բաղկացած, բայց անհրաժեշտության դեպքում մենք կարողանում ենք մինչև 30 մահճակալ ծավալել։ Ցավոք, ունենք մասնագետների խնդիր. ոչ միայն մեր կենտրոնում, այլ նաև ամբողջ Հայաստանի տարածքում այրվածքաբանների թիվը շատ քիչ է, և մենք հիմա աշխատում ենք, որպեսզի մեր երիտասարդներ ներգրավենք այս աշխատանքում»,-ներկայացրեց տնօրենը՝ հավելելով, որ ներկայում գործող 5 մասնագետի փոխարեն նախատեսվում է առաջիկա տարիներին այդ թիվը հասցնել 10-ի։