Սեուլում հայտարարել են, որ Հյուսիսային Կորեան տարեկան 20 մարտագլխիկի միջուկային նյութեր է արտադրում
2 րոպեի ընթերցում

Կորեայի Հանրապետության նախագահ Լի Չժե Մյոնը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն տարեկան արտադրում է այնպիսի ծավալով միջուկային նյութեր, որոնք կբավարարեն 10-20 միջուկային մարտագլխիկի ստեղծման համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ամանորյա մամուլի ասուլիսի ընթացքում պետության ղեկավարը նշել է, որ Կորեայի Հանրապետության իշխանությունները չեն պատրաստվում հրաժարվել Կորեական թերակղզու միջուկազերծման «իդեալիստական նպատակից», բայց նաև հասկանում են ստեղծված իրադրության բարդությունը և Հարավի ու Հյուսիսի միջև անվստահության մակարդակը։ Որպես միջուկազերծման առաջին փուլ Լի Չժե Մյոնն առաջարկել է սառեցնել Հյուսիսային Կորեայի հրթիռային և միջուկային ծրագրերը։
Միևնույն ժամանակ նա կասկած է հայտնել, թե ԿԺԴՀ-ն այս փուլում տիրապետում է այն բոլոր տեխնոլոգիաներին, որոնք անհրաժեշտ են միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների միջոցով միջուկային զենքի դուրսբերման համար։
«Մի օր նրանք կտիրապետեն միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների տեխնոլոգիաներին», - պարզաբանել է նախագահը։
Ընդ որում, նա նշել է, որ այդ դեպքում Հյուսիսային Կորեան կարող է անցնել այդ տեխնոլոգիաների արտահանման։ Իր օրենսդրության մեջ ԿԺԴՀ-ն իրեն նշել է որպես պատասխանատու միջուկային պետություն, որը միջուկային տեխնոլոգիաները չի փոխանցի այլ երկրների։
Լի Չժե Մյոնն ասել է, որ հասկանում է, որ Փհենյանը միջուկային զենքը դիտարկում է որպես սեփական անվտանգության երաշխիք։ Նա ենթադրել է, որ Հյուսիսային Կորեայի և Միացյալ Նահանգների միջև երկխոսությունը, այդ թվում՝ անմիջական շփումները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընի միջև կարող են առանցքային դեր խաղալ միջուկազերծման և խաղաղության ապահովման գործում: