Սիրիայում քրդերը հայտնվել են աքցանի մեջ, նրանց համար զգալիորեն նեղացել է այլընտրանքի շրջանակը. քրդագետ
7 րոպեի ընթերցում
Աշխարհաքաղաքական նոր իրողությունների պայմաններում Սիրիայում քրդական ուժերը հայտնվել են գրեթե անելանելի իրավիճակում, հետևաբար ստիպված են ընդունել գործող կառավարության պայմաններն ու գնալ համաձայնության՝ զիջելով նախկին դիրքերն ու ազդեցության շրջանակները։
«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քրդագետ Վահրամ Պետրոսյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Սիրիայում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին և այդ համատեքստում քրդական գործոնին։
«Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո քրդական ինքնավարության համար ստեղծվեց բավականին բարդ ու ծայրահեղ վտանգավոր աշխարհաքաղաքական իրականություն։ Եթե նախկինում քրդերը Դամասկոսի, Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև գործում էին հավասարակշռված, ապա նոր սցենարներում այդ հավասարակշռությունը փլուզվում է, հետևաբար խնդրի խորքային դիտարկումը վկայում է, որ քրդերն ունեցան իրենց դիրքերի զգալի կորուստ»,- նշեց Պետրոսյանը։
Նրա կարծիքով՝ Ասադի վարչակարգի անկումը նշանակում էր, որ Դամասկոսում իշխանության է գալիս Թուրքիայի աջակցությունը վայելող սուննի կոալիցիան, ինչի արդյունքում Թուրքիան դարձավ բացարձակ դոմինանտ տերություն՝ լինելով Սիրիայի նոր կառավարության գլխավոր հովանավորը, հետևաբար Անկարայի թիվ մեկ պահանջը նոր կառավարությունից ի սկզբանե սիրիական Քուրդիստանի՝ Ռոժավայի չեզոքացումն էր։
«Նախկինում Ռուսաստանն ու Իրանը զսպում էին Թուրքիային, բայց Ասադի իշխանության անկումից հետո այդ զսպաշապիկն, ըստ էության, վերացավ։ Արդյունքում քրդերը հայտնվեցին աքցանի մեջ և ստիպված էին պատերազմել երկու ճակատով։ Հյուսիսից նրանց դիմակայում էին թուրքական բանակային ստորաբաժանումները, իսկ հարավ-արևմուտքից՝ Սիրիայի նոր կառավարական ուժերը։ Նաև շատ կարևոր ազդեցություն ունեցան ներքին դեմոգրաֆիական ու ցեղային իրողությունները։ Քրդերը Սիրիայում վերահսկել և այժմ էլ վերահսկում են որոշակի տարածքներ, որտեղ տարբեր ցեղախմբեր նախկինում հանդուրժում էին քրդերի վերահսկողությունը, քանզի կային արտաքին գործոններ, բայց դրանք ներկայում վերացել են, ու կա վտանգ, որ քրդերի դեմ կիրականացվի էթնիկ զտում»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։
Պետրոսյանը մատնանշեց նաև տնտեսական գործոնը՝ հավելելով, որ նավթային գործը քրդերի պարագայում արդեն ի հայտ է գալիս ոչ թե որպես շահույթի աղբյուր, այլ որպես անեծք։
«Ասադի պաշտոնավարման օրոք քրդերը վերահսկում էին երկրի նավթային պաշարներով հարուստ տարածքների մոտ յոթանասուն տոկոսը, և նախկին վարչակարգի համար ավելի ընդունելի էր քրդական վերահսկողությունը, քանզի գիտեին, որ վաղ թե ուշ նրանց հետ կգան համաձայնության, ինչը, սակայն, բացառվում էր ծայրահեղական իսլամիստների դեպքում։ Շահույթի էական աղբյուրներից զրկվելով՝ գործող կառավարությունը ցանկանում է շտկել իրավիճակը, վերահսկել սահմաններն ու ենթակառուցվածքները՝ իրականացնելով նույնիսկ տոտալ շրջափակում, եթե քրդերը չհետևեն խաղի նոր կանոններին։ Ռեսուրսներից զրկվելու հանգամանքը նույնպես քրդերին ստիպել է գնալ համաձայնության Սիրիայի ներկայիս կառավարության հետ»,- նշեց քրդագետը։
Նրա կարծիքով՝ վերջին զարգացումներում առկա է նաև ԱՄՆ-ի դիրքորոշման փոփոխություն։ Եթե նախկինում Միացյալ Նահանգների ներկայությունը տարածաշրջանում պայմանավորված էր իսլամիստ ահաբեկիչների դեմ պայքարով և Իրանի զսպմամբ, ապա այժմ առաջին գործոնն այլևս առաջնային իրողություն չի դիտարկվում, իսկ Իրանը, զբաղված լինելով ներքին իրողություններով, այդքան ներգրավված չէ սիրիական գործընթացներում։
«Իրանի մասնակցությունը, թեև որոշակիորեն առկա է պրոքսի ուժերին աջակցելու և ուղղորդելու տեսքով, բայցևայնպես, այդ երկրի ազդեցության ինտենսիվությունն ու թափը զգալիորեն նվազել են։ Եթե Սիրիայի նոր կառավարությունը լինի հակաիրանական և պրոարևմտյան ու պրոթուրքական, ապա Վաշինգտոնը կվերանայի քրդերին աջակցելու հիմնավորումը։ Միացյալ Նահանգներն, ամենայն հավանականությամբ, շարունակելու է հարաբերություններ կառուցել Սիրիայի նոր իշխանությունների հետ, ինչի ազդակները բազմիցս տեսել ենք։ Դա արվում է Իրանի ազդեցությունը վերջնականապես նվազեցնելու համար, նույնիսկ եթե դրա համար պահանջվի զոհաբերել քրդական գործոնը»,- պարզաբանեց մեր զրուցակիցը։
Պետրոսյանի պնդմամբ՝ վերոհիշյալ բոլոր գործոնների խորքային դիտարկումը վկայում է, որ քրդերի համար զգալիորեն նեղացել է այլընտրանքի շրջանակը։
«Այն, ինչ հնարավոր է այսօր, վաղը կարող է և չլինել, հետևաբար քրդերը պետք է որսան պահը՝ հնարավորիս հաշվի առնելով նաև վատագույն սցենարի պայմաններում գործելու տարբերակը։ Ամեն դեպքում, ընթացիկ բանակցություններն ու համաձայնագրերի հնարավոր կնքումը որոշակիորեն կրում են իրավիճակային բնույթ զուտ ռազմավարական տեսանկյունից։ Կողմերը հասկանում են, որ ցանկացած պահի կարող են իրողությունները փոփոխվել։ Թեև Սիրիայի գործող կառավարության համար ռեսուրսներն ավելի շատ են, բայցևայնպես, նրան նույնպես լայնորեն մանևրելու դաշտ չեն թողնում»,- եզրափակեց Պետրոսյանը։
Սիրիայում տեղի է ունեցել տեսազանգ երկրի ժամանակավոր նախագահ Ահմեդ աշ-Շարաայի և «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) ղեկավար Մազլում Աբդիի միջև, որի ընթացքում աշ-Շարաան խնդրել է պաշտոնական հայտարարություն անել ՍԴՈւ-ի լուծարման և դրա անդամներին սիրիական բանակին ինտեգրելու մասին, սակայն Աբդին մերժել է առաջարկը և իր հերթին առաջարկել աշ-Շարաային հրադադար և քրդական ուժերի դուրսբերում Ռակկա և Դեր Զոր նահանգներից։
Սիրիայի ժողովրդավարական խորհուրդը (ՍԴԽ) հաստատել է, որ Դամասկոսի հետ ստորագրված համաձայնագիրը բացում է քաղաքական երկխոսության դռները և վերակառուցում է պետության հետ հարաբերությունները։ Խորհուրդը նշել է, որ համաձայնագիրն օրեր շարունակ տևած ինտենսիվ քաղաքական ջանքերի արդյունք է՝ ՍԴՈւ ղեկավարության մասնակցությամբ և տարածաշրջանային ու միջազգային կողմերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Իրաքյան Քրդստանի տարածաշրջանային կառավարության աջակցությամբ ու ներգրավվածությամբ։