«Երևանյան բեսթսելեր». «Քեզնից հեռու, քեզ հետ» գիրքն՝ առաջատար. հայ գրականություն. դեկտեմբեր, 2025
9 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ դեկտեմբերի վաճառքի տվյալների:
Առաջին տեղում է Գրիգոր Քեշիշյանի «Քեզնից հեռու, քեզ հետ» գիրքը։ Սիրո, հայրենասիրության, հայրենադարձության դժվար ու լուսավոր կողմերի մասին «Քեզնից հեռու, քեզ հետ» վիպակը 1940-ականներին Լիբանանից հայրենադարձված Գրիգոր Քեշիշյանի զգացմունքների ամփոփումն է մի գեղեցիկ սիրո պատմության տեսքով։ Վիպակը նամակների ժողովածու է, որ հայրենադարձման իր հերթին սպասող Սամվելը գրում է արդեն հայրենի հողի վրա ապրելու երազանքին հասած իր սիրելիին։ Բաժանումը ծանր վերք է բացում սիրելիների սրտերում, իսկ վերամիավորման սպասումը՝ բացահայտում նրանց ճակատագրի անսպասելի ոլորանները։
Անի Մաղաքյանի «Տակնուվրա»-ն երկրորդ տեղում է։ Ոչինչ արտասովոր այստեղ չկա... Սա գիրք է աշխարհն իրենց վրա կրող, աշխարհը տակնուվրա անող մարդկանց մասին...
Երրորդ հորիզոնականն է զբաղեցնում Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը»: Ոմանք նրան տեսել են Եվայի մերկությամբ, ոմանք՝ ծովափնյա, ինչ կա որ: Ոչինչ չէր լինի, եթե այդ պահին դուռը չբացվեր, և անակնկալ ներս չնայեր քիմիայի ուսուցչուհի Սոնա Միքայելյանը: Տեսածը տեսած էր, որ նշանակում է հաջորդ պահին այդ մասին պետք է իմանար տնօրենը, հետո ուսուցչանոցը, հետո ամբողջ դպրոցը…
Ռաֆայել Մարգարյանի «Սպասիր ինձ երկնքում» գիրքը չորրորդ տեղում է։ Այս պատմության մեջ յուրահատուկ կերպով ընդգծվում է մարդկային բարությունը անձնազոհությունը, սերը և հավատը: Միևնույն ժամանակ ուշադրության են արժանանում կյանքի և աշխարհի մութ կողմերը, որոնք ամեն բան սևուսպիտակ են ներկում` հետք թողնելով սյուժեի վրա: Սակայն գրքում արտացոլված հավատն անչափ մեծ է, որ դրանք մի օր կլուսավորվեն, և աշխարհում կիշխի սերն ու բարեսրտությունը...
Հինգերորդ տեղում է Վանո Սիրադեղյանի «Դուռը»։ Վանո Սիրադեղյանը նախորդ դարավերջի ամենատաղանդավոր և ընթերցված-սիրված արձակագիրներից մեկն է՝ այլևս դատապարտված այդպիսին մնալու։ Նրա արձակը որքան դասական, այնքան էլ ժամանակակից է։ Պատմություններ մարդկանց, նրանց մտածողության, խնդիրների, երազանքների ու ապրումների մասին։ «Դուռը» ժողովածուն ամփոփում է հեղինակի բոլոր նախորդ գրքերում («Կիրակի», «Ծանր լույս», «Շատ չհամարվի», «Ձեռքդ ետ տար ցավի վրայից», «Երկիր։ Ցպահանջ») տեղ գտած պատմվածքները՝ այսպիսով դառնալով նրա գեղարվեստական արձակի՝ ընթերցողին հայտնի ստեղծագործությունների համահավաք ժողովածու։
Ռաֆայել Մարգարյանի «Օգնիր սրտիս բաբախել» գիրքը վեցերորդ տեղում է։ Գիրքը միստիկ տարրերով համեմված հոգեբանական վեպ է, որտեղ պատմվում է Ֆրանսիայում ապրող Ռևերդիների ընտանեկան դրամատիկ պատմությունը: Այստեղ հատվում է իրականության և անիրականի նուրբ սահմանը, սակայն այդ հատումը տեղի է ունենում արտասովոր կերպով: Այստեղ անիրականը ինչ-որ տեղ իրականությունն է, իսկ իրականությունը սկիզբ է առնում անիրականից... Այս պատմության էջերում նրբորեն ներկայացված է ծնողի և զավակի փոխադարձ սերը, նրանց կապը մինչև իսկ կյանքի ավարտից հետո...Պատմության էպիկենտրոնը մարդու հոգին է և այն, թե այդ հոգու ներսում որքան սեր ու հոգատարություն կարող է ապրել հարազատի հանդեպ:
Աշոտ Աղաբաբյանի «Նմանակը» յոթերորդ տեղում է։ «Նմանակը» վեպը Աշոտ Աղաբաբյանի 11-րդ գիրքն է: Հետախուզության համաշխարհային պատմության մեջ նմանը չունեցող այս բացառիկ օպերացիայի մասին գրվում է առաջին անգամ: Գեղարվեստական վեպի գլխավոր հերոսի նախատիպը ծնունդով Իջևանի Աչաջուր գյուղից ԽՍՀՄ հետախույզ Սմբատ Խոջոյանն է: Թուրքիայի խորհրդարանի իշխող կուսակցության պատգամավոր Մահմուդ Շովքեթի նմանակ հայ հետախույզին ԽՍՀՄ Գլխավոր հետախուզական վարչությունը գործուղում է Ստամբուլ՝ թուրք պատգամավորին «փոխարինելու»: Գաղտնիության պայմաններում մահացած ու թաղված պատգամավորի փոխարեն նրա նմանակ հայ հետախույզը մոտ երեք տարի «աշխատում» է խորհրդարանում՝ մինչև բացահայտվելը, որից հետո կարողանում է փախչել երկրից: Հասկանալի պատճառով թուրք պատգամավորի և որոշ գործող անձանց անունները փոխված են: «Նմանակը», այնուամենայնիվ, գեղարվեստական վեպ է, չնայած դեպքերի ճշմարտացիությանը:
Ութերորդ տեղում է «Բարի գործերի քաղաքը»։ Գիրք, որն ընթերցողին կգրավի ոչ միայն իր սյուժեով, այլև ժանրային յուրահատկությամբ։ Այն գրել են Մարկ Արենը և հինգ երիտասարդներ: Նրանում զետեղված փոքրիկ պատմությունները բարության զորեղ ուժի մասին են, այն մասին, թե ինչպես է մի աղջկա արած ֆեյսբուքյան գրառումը շատ արագ տարածում գտնում, մարդկանց հորդորում բարի գործեր անել և Երևանը դարձնում բարի գործերի քաղաք:
Կարեն Միրզոյանի «Ամանորի գիշերը» իններորդ տեղում է։ Ամանորյա պատմվածքների գիրքը` հրաշքի, Սանտա Կլաուսի, «Կարգին Հաղորդման» ու երազանքների մասին է։
Քրիստինա Սիմոնյանի «Լիալուսնի գաղտնիքը» տասներորդ տեղում է։ «Լիալուսնի գաղտնիքը» բացահայտվում է վեպի ամբողջ ճամփորդության ընթացքում՝ քարտեզի նման գծելով հորը փնտրող հերոսուհու ճանապարհը՝ լի խորհելու տեղիք տվող իրադարձություններով, որոնք կողմնացույցի դեր են կատարում իր և ընթերցողի համար։ Ճանապարհին հանդիպող յուրաքանչյուր կերպարում կամ նրա անվան մեջ ինչ-որ իմաստ է թաքնված՝ բանալի, որը բացում է գլուխկոտրուկ հիշեցնող ևս մեկ դուռ։ Իսկ ո՞ւմ է իրականում որոնում մեր հերոսուհին։ Ինչպես առասպելաբան պրոֆեսոր Ջոզեֆ Քեմպբելն է նշում, երբ հերոսը պատմության մեջ ճամփա է ընկնում՝ փնտրելու կորած հորը, այլաբանորեն ուղևորվում է սեփական ինքնությունը գտնելու, սեփական ճակատագիրը կերտելու։ Երբ նա գտնում է հորը, իրականում գտնում է ինքն իրեն։ «Լիալուսնի գաղտնիքը» նաև մտերմիկ պատմություն է ընտանիքի, ընկերության, սիրո, մարդկային փոխհարաբերությունների և կյանքի նուրբ ու խորունկ իրողությունների մասին։ Վեպում հերոսի ճանապարհին կարելի է տեսնել տեղ-տեղ շաղ տված մարգարտահատիկներ, որոնք շեղատառ գրված իմաստուն մտքերի տեսքով ամբողջացնում են գրքի ասելիքը։ Հեղինակը հետևել է արձակագիր Վարդգես Պետրոսյանի խորհրդին՝ «Ձեր հեքիաթն ունեցեք», ու գրել է իր հեքիաթը։
Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:
| Տեղ | Փոփոխ․ | Գիրք | Հրատ․ | Քանակ | |
| 1 | 0 | ![]() | Գրիգոր Քեշիշյան, «Քեզնից հեռու, քեզ հետ» | Դավինչի | 568 |
| 2 | 0 | ![]() | Անի Մաղաքյան, «Տակնուվրա» | Երևանյան էսքիզ | 100 |
| 3 | * | ![]() | Վարդգես Պետրոսյան, «Վերջին ուսուցիչը» | Դարակ | 72 |
| 4 | -1 | ![]() | Ռաֆայել Մարգարյան, «Սպասիր ինձ երկնքում» | հեղ հրատ | 67 |
| 5 | +2 | ![]() | Վանո Սիրադեղյան, «Դուռը» | հեղ հրատ | 52 |
| 6 | * | ![]() | Ռաֆայել Մարգարյան, «Օգնիր սրտիս բաբախել» | հեղ հրատ | 47 |
| 7 | * | ![]() | Աշոտ Աղաբաբյան, «Նմանակը» | հեղ հրատ | 45 |
| 8 | * | ![]() | «Բարի գործերի քաղաքը» | Բուկինիստ | 43 |
| 9 | Նոր | ![]() | Կարեն Միրզոյան, «Ամանորի գիշերը» | հեղ հրատ | 40 |
| 10 | Նոր | ![]() | Քրիստինա Սիմոնյան, «Լիալուսնի գաղտնիքը» | Newmag | 38 |









