Իրավունք

Ապարանի համայնքապետարանի պաշտոնյաները մեղադրվում են տարբեր չափերի կաշառք ստանալու մեջ. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

2 րոպեի ընթերցում

Ապարանի համայնքապետարանի պաշտոնյաները մեղադրվում են տարբեր չափերի կաշառք ստանալու մեջ. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

Հիմնավորվել է, որ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանման պետն ու երկու աշխատակիցները նախնական համաձայնությամբ, խմբի կազմում կաշառք են ստացել համայնքի մի շարք բնակիչներից՝ նրանց օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից՝ մանրամասնելով, որ հիշյալ պաշտոնատար անձինք համայնքի վարչական տարածքում գտնվող մի շարք անշարժ գույքերի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման և անհրաժեշտ փաստաթղթերի կազմման գործընթացն անխոչընդոտ իրականացնելու, իսկ որոշ դեպքերում՝ դրանք օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպելու և այլ անօրինական գործողությունների համար 2025 թվականի հունիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում տարբեր չափերի կաշառք են ստացել նույն համայնքի մի շարք բնակիչներից:

Խմբի կազմում նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու համար Ապարանի համայնքապետարանի վերը նշված պաշտոնատար անձանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-րդ կետով և 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Պաշտոնատար անձանց կաշառք տված քաղաքացիներից երեքին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջիններիս վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում