Կրթություն

Հաստատվել է 2026 թվականի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով ավարտական քննությունների ժամանակացույցը

5 րոպեի ընթերցում

Հաստատվել է 2026 թվականի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով ավարտական քննությունների ժամանակացույցը

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է 2026 թվականի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, քննություններն անցկացվելու են փետրվարի 16-ից մինչև մարտի 13-ը ներառյալ՝ Երևանի թիվ 198 ավագ դպրոցում (հասցե՝ Նոր Նորք վարչական շրջան, 9-րդ զանգված, Վիլնյուսի 13/1):

Հիմնական կրթության վկայական ստանալու համար դրսեկները 2026 թվականի 1-ին քննաշրջանի ընթացքում «Հայոց լեզու», «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Հայաստանի աշխարհագրություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն» առարկաների քննությունները հանձնում են գրավոր: Քննական թեստերը կազմում է Գնահատման և թեստավորման կենտրոնը` առնվազն 4 թեստ յուրաքանչյուր առարկայից` գնահատման 20 բալային համակարգով:

«Հասարակագիտություն», «Ինֆորմատի­կա», «ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն», «Ռուս գրականություն» (ռուսերենով ուսուցում ստացած դրսեկների համար), «Օտար լեզու» («Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ), «Հայաստանի պատմություն», «Գրականություն», «Ռուսաց լեզու» առարկաների քննությունները հանձնում են բանավոր:

«Ֆիզկուլտուրա» առարկայից հանձնում են ստուգարք (նորմատիվների հանձնում):

Քննական հարցատոմսերը կազմում են էքստեռն քննություններ ընդունող դպրոցի համապատասխան մեթոդական միավորումները` առնվազն 10 հարցատոմս յուրաքանչյուր առարկայից` գնահատման 10 բալային համակարգով:

Միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար դրսեկները 2026 թվականի 1-ին քննաշրջանի ընթացքում «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբա­նու­թյուն», «Աշխարհագրություն», «Հայաստանի պատմություն», «Մաթեմատիկա», «Հայոց լեզու և հայ գրականություն» «Ռուսաց լեզու», «Համաշխարհային պատմություն», Օտար լեզու (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ), առարկաների քննությունները հանձնում են գրավոր: Քննական թեստերը կազմում է ԳԹԿ-ն՝ առնվազն 4 թեստ յուրաքանչյուր առարկայից` գնահատման 20 բալային համակարգով:

«Հասարակագիտություն», «Ինֆորմատի­կա», «ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն», «Ռուս գրականություն» (ռուսերենով ուսուցում ստացած դրսեկների համար) առարկաների քննությունները հանձնում են բանավոր: «Ֆիզկուլտուրա» առարկայից հանձնում են ստուգարք (նորմատիվների հանձնում): Քննական հարցատոմսերը կազմում են էքստեռն քննություններ ընդունող դպրոցի համապատասխան մեթոդական միավորումները` առնվազն 10 հարցատոմս յուրաքանչյուր առարկայից` գնահատման 10 բալային համակարգով:

Հիմնական կրթության վկայականում և միջնակարգ կրթության ատեստատում ավարտական և պետական ավարտական քննական առարկանները գնահատվում են 20 բալային համակարգով, իսկ տարեկան գնահատականները նշանակվում են` 20 բալային համակարգից գնահա­տա­կան­ները վերածելով 10 բալային համակարգի: Բանավոր քննությունները գնահատվում են 10 բալային համակարգով և համարվում են տարեկան գնահատականներ:

Գնահատականները գրանցելիս գնահատման 20 բալային համակարգից 10 բալային համակարգին անցման համապատասխանությունը կատարվում է համաձայն հետևյալ սանդղակի՝

8-9 միավոր - 4

10-11 միավոր - 5

12-13 միավոր - 6

14-15 միավոր - 7

16-17 միավոր - 8

18-19 միավոր - 9

20 միավոր - 10

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում