Մարզեր

Տեղի է ունեցել Մարտունի համայնքի 2026 թվականի տարեկան բյուջեի նախագծի հանրային քննարկումը

3 րոպեի ընթերցում

Տեղի է ունեցել Մարտունի համայնքի 2026 թվականի տարեկան բյուջեի նախագծի հանրային քննարկումը

Գեղարքունիքի մարզի Մարտունիի համայնքապետարանում տեղի է ունեցել համայնքի 2026 թվականի տարեկան բյուջեի նախագծի հանրային քննարկում, որը վարել է համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Շահինյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից, քննարկմանը մասնակցել են համայնքապետարանի և համայնքային կառույցների ներկայացուցիչներ, երիտասարդներ, համայնքի բնակիչներ, շահագրգիռ անձինք:

Մարտունի համայնքի բյուջեն ներկայացրել է համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Թաթուլ Դավթյանը։

Ըստ զեկուցողի՝ Մարտունի համայնքի վարչական բյուջեն 2026 թվականին կազմելու է 5 միլիարդ 588 միլիոն 560 հազար  դրամ, որից համայնքի սեփական եկամուտները կկազմեն 1 միլիարդ 402 միլիոն 527 հազար դրամ, պետության կողմից տրված դոտացիան`4 միլիարդ 186 միլիոն 33 հազար դրամ։

Քննարկման ընթացքում ներկայացվել են բյուջեի նախագծի հիմնական ուղղությունները, նախատեսվող ծրագրերն ու առաջնահերթությունները։ Բյուջեի միջոցներն  առավելապես կուղղվեն սոցիալ-տնտեսական ու կենսական նշանակության ծրագրերի իրականացմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, բնակչության կենսապայմանների բարելավմանը և տարբեր ոլորտներում առկա հիմնախնդիրների կարգավորմանը։

Քննարկման ընթացքում նշվել է նաև միջազգային կառույցների աջակցությամբ սարքավորումների և սպասարկող տեխնիկայի ձեռքբերման, Մարտունի քաղաքում երիտասարդական կենտրոնի տարածքի հիմնանորոգման և շահագործման, միջհամայնքային և ներքաղաքային հանրային տրանսպորտի, կեղտաջրերի 2 կենսաբանական մաքրման կայանների կառուցման, համայնքի բոլոր բնակավայրերում «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ»-ի միջոցով կենտրոնական աղբահանության կազմակերպման, Մարտունիի կենտրոնական գրադարանի վերակառուցման, Մարտունի քաղաքի և Ձորագյուղ բնակավայրի մանկապարտեզների շենքերի հիմնանորոգման և վերանորոգման աշխատանքների, Մարտունի քաղաքի գլխավոր մարզադաշտի կառուցման և ֆուտբոլային ակումբի հիմնման, «ԹՈՒՄՈ» ստեղծարարական տեխնոլոգիաների կենտրոնի հիմնման, սիրողական մարզաձևերի սպորտային համալիրի կառուցման, Մարտունի քաղաքի Գետափնյա -2 փողոցի երկայնքով գետեզերքին ճեմուղու կառուցման  և նախատեսված այլ ծրագրերի մասին, որոնք նախատեսված է իրականացնել 2026 թվականի ընթացքում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում