Փոդքասթ

Podcast. Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը կշարունակի հետաքրքիր ծրագրերով բացահայտել առանձնահատկություններով սաների տաղանդը

5 րոպեի ընթերցում

Podcast. Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը կշարունակի հետաքրքիր ծրագրերով բացահայտել առանձնահատկություններով սաների տաղանդը

Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը տարիներ շարունակ արվեստի և արհեստի ոլորտում անվճար գեղարվեստական կրթություն է ապահովում հաշմանդամություն ունեցող, ծնողազուրկ, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և սոցիալապես անապահով երեխաների համար՝  նրանց հնարավորություն տալով բացահայտել սեփական տաղանդը, հավատալ ուժերին ու հեշտությամբ ինտեգրվել հասարակության մեջ։

«Արմենպրես»-ի «Փոդքասթ»-ի շրջանակում կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը պատմել է իրենց գործունեության, 2025-ին կատարած աշխատանքի և առաջիկա ծրագրերի մասին։

«Կենտրոնը գործում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ և ապահովում է շուրջ 950 երեխայի գեղարվեստական կրթությունը 148 խմբում։ Սա ոչ միայն կրթական հաստատություն է, այլև կենսական կարևորություն ունեցող հարթակ, որտեղ երեխաները վերականգնում են հավատը սեփական ուժերի հանդեպ. նրանք հաճախում են դեկորատիվ-կիրառական, կատարողական արվեստների, թատերական, գոբելենի, գորգագործության և այլ խմբակներ։ Խմբակներն ըստ պահանջարկի զարգանում են ու ընդլայնվում։ Փորձում ենք անել հնարավորը, որպեսզի խմբակները լինեն հետաքրքիր ու գրավիչ»,-նշում է Կարապետյանն ու հավելում՝ զարգացնում են համագործակցությունը խմբակների միջև. Վանաձորում ստեղծել են անսամբլ, որում երգեցողության, կիթառի, գրական-ստեղծագործական խմբակները համատեղ կներկայանան։

Նրա խոսքով՝ նվիրված մասնագետների շնորհիվ կենտրոնի աշխատանքը չի սահմանափակվում  միայն  կրթություն ապահովելով։ Երեխաներին ընդգրկում են տարբեր փառատոններում, մրցույթներում, որոնց միջոցով կենտրոնի սաներն  ապացուցում են, որ մրցունակ են, կարող ուժ են։

Կարապետյանի համոզմամբ՝ յուրաքանչյուր երեխա ունի տաղանդ և կրթություն ստանալու իրավունք։ Այդ հարցում նրանց պետք է աջակցել։

Կենտրոնն այդ առաքելությունն իրականացնում է ոչ միայն Երևանում, այլև Լոռու, Գեղարքունիքի, Կոտայքի, Արարատի, Շիրակի և այլ մարզերում՝ համագործակցելով մանկատների, աջակցման կենտրոնների և այլ մասնագիտացված կառույցների հետ։

Հաճախ այս կամ այն կառույցը խմբակներ բացելու նպատակով դիմում է Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնին։

Աշխատում են արտադպրոցական հաստատությունների սկզբունքով. դասընթացները կազմակերպվում են այն կառույցներում, որոնցում կան համապատասխան  դասասենյակներ՝ հարմարեցված խմբակներին։

Կարապետյանը խոստովանում է՝ ուսուցման ընթացքում մասնագետները երբեմն բախվում են դժվարությունների, սակայն կենտրոնը նրանց ուղարկում է տարբեր սեմինարների՝ հմտությունները զարգացնելու նպատակով։ Կազմակերպվում են նաև միջոցառումներ։  «ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ արդեն 4-րդ տարին  իրականացվում են Հայաստանում ներառականության ապահովմանն ուղղված դասընթացներ, որոնք միտված են զարգացնելու արվեստի ոլորտում աշխատող մանկավարժների հմտությունները, որպեսզի նրանք կարողանան աշխատել զարգացման առանձնահատկություններով երեխաների հետ։ Նրանք մեծ հաջողություններ են արձանագրում։ Այս տարի ծրագիրն իրականացվել է 83 ուսումնական հաստատությունում, մասնակցել է 300-ից ավելի մանկավարժ»,-հայտնում է Աննա Կարապետյանը։

Նա կենտրոնի նվաճումներից է համարում նաև «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի  միջազգային փառատոնի անցկացումը, որի շրջանակում կազմակերպվում է ներառական մշակութային ճամբար։ Այդ հարթակում երեխաները ստեղծագործում են, դիտում են ֆիլմեր, որոնցում ընդգծվում են հաշմանդամություն ունեցող մարդկանց ձեռքբերումները, ներկայացվում են իրական պատմություններ։

«Կարևորում ենք նաև մեր սաների ծնողների հետ աշխատանքը։ Նրանք մեր օրերի հերոսներն են, որոնք իրենց երեխաների կողքին են, հավատում են նրանց ուժերին և ոչինչ չեն խնայում, որ իրենց զավակները հասարակության լիարժեք անդամ լինեն»,-շեշտում է կենտրոնի տնօրենը։

Կենտրոնն ակամայից դերակատարություն է ունենում երեխաների մասնագիտական կողմնորոշման հարցում։ «Լսողության խանգարում ունեցող երեխաների դպրոցում գործում էր մնջախաղի խմբակ։ Խմբակից հինգ սան սովորում է Թատերական ինստիտուտի մնջախաղի բաժնում։ Սա մեզ համար մեծ ձեռքբերում է»,-նշում է Կարապետյանը։

Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը շատ նպատակներ, գաղափարներ ունի, որոնց իրականացման համար տարբեր կառույցների աջակցությունն է հարկավոր։ «2026-ը մեզ համար հոբելյանական տարի է, քանի որ տոնելու  ենք կենտրոնի հիմնադրման 35-ամյակը։ Հոբելյանական միջոցառման շրջանակում ցուցադրելու ենք երեխաների տաղանդը, ներկայացնելու ենք հաջողության պատմությունները։ Կշարունակենք նաև ներառականության ապահովման դասընթացները»,-եզրափակում է Աննա Կարապետյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում