Կոնսոլիդացիան Սիրիայում լինելու է, բայց շատ տևական ու բավականաչափ նյարդային գործընթացի արդյունքում․ Արմեն Պետրոսյան

6 րոպեի ընթերցում

Արաբագետ Արմեն Պետրոսյանը կարծում է, որ Սիրիայում տեղի ունեցած զարգացումների առանցքում քրդական խնդիրն է, ինչն առավելապես պայմանավորված է սիրիական կառավարական ուժերի կողմից ռազմավարական նշանակություն ունեցող կարևոր խնդրի լուծմամբ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում արաբագետ, միջազգային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանն անդրադարձավ Սիրիայում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձություններին և ներսիրիական խնդիրների լուծման հեռանկարին։

«Իրավիճակի թեժացման ու վերջին ռազմական գործողությունների արդյունքում փաստացի ձեռք է բերվել պայմանավորվածություն, որի համաձայն՝ «Սիրիայի դեմոկրատական ուժերը», որոնք կազմված են ոչ միայն քրդերից, այլև սիրիական մի շարք այլ տարրեից, պետք է դուրս գան Հալեպի երեք հիմնական շրջաններից ու դրանով իսկ դրանց վերահսկողությունը փոխանցեն Սիրիայի կառավարական ուժերին։ Պայմանավորվածության համաձայն՝ նրանք պետք է դուրս գան Եփրատ գետից արևելք, որտեղ ևս տարածքների հիմնական վերահսկողը վերոհիշյալ ուժերն են»,- ասաց Պետրոսյանը։  

Նա հավելեց, որ Սիրիայի կառավարական ուժերն իրենց ռազմական գործողություններն իրականացրել են Թուրքիայի հետ սերտ համագործակցությամբ՝ չնայած, որ հիմնական գործող դերակատարները եղել են հենց կառավարական ուժերը։

«Ընդհանուր առմամբ՝ քրդական ինքնապաշտպանական ջոկատները, որոնք «Սիրիայի դեմոկրատական ուժերի» առանցքային ռազմական կորիզն են կազմել, վերահսկողություն են ունեցել Սիրիայի հյուսիսային և հյուսիսարևելյան հատվածների վրա։ Մեկը Հալեպի նահանգում է, մյուսը Եփրատ գետի արևելյան ափին գտնվող տարածքում։ Սիրիայի բանակն, ըստ էության, լուծել է Հալեպ նահանգում նրանց ներկայության և նրանց կողմից մի շարք շրջանների վերահսկողության հարցը»,- նշեց մեր զրուցակիցը։  

Պետրոսյանի դիտարկմամբ՝ Սիրիայի նախորդ իշխանությունը չէր դիմում ռազմական ակտիվ գործողությունների և ընտրել էր խնդրի լուծման բանակցային տարբերակը։ Դա արվում էր այն պարզ պատճառով, որ չուներ համապատասխան ներուժ և ռեսուրսներ՝ ռազմական ճանապարհով քրդական խնդիրը լուծելու համար, մինչդեռ գործող կառավարությունը, ունենալով հատկապես Թուրքիայի աջակցությունը, դիմում է ռադիկալ քայլերի ու փաստացիորեն կարողանում է հաջողություն գրանցել, առավել ևս, որ տարածաշրջանում փոխվել է աշխարհաքաղաքական իրադրությունը։

«Նաև Սիրիայի ներսում կառավարությունն ունի հիմնական միջազգային դերակատարների աջակցությունը, իսկ քրդերը իրենց հերթին կորցրել են իրենց հիմնական աջակիցներին՝ ի դեմս ԱՄՆ-ի ու մասնակիորեն Իսրայելի։ Հատկապես Միացյալ Նահանգները սերտորեն համագործակցում է Սիրիայի գործող կառավարության հետ, ուստի վերջինս գնում է նման եղանակով վերջնագրային լուծումների»,- պարզաբանեց Պետրոսյանը։

Իրադարձությունների ընդհանուր համատեքստում անդրադառնալով նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Սիրիա կատարած այցին, արաբագետն ընդգծեց, որ դա նույնպես պետք է դիտարկել զարգացումների ընդհանուր տրամաբանության մեջ։

«Մերձավոր Արևելքում և մասնավորապես Սիրիայում ներգրավված միջազգային հիմնական խաղացողներն ակտիվ աջակցություն են ցուցաբերում ժամանակավոր կառավարությանը և Սիրիայում ընթացող ազդեցության տիրույթների բաժանման գործընթացում փորձում են իրենց հավակնությունները ներկայացնել։ Դրանից առաջ բավականին ակտիվ էր ՄԱԿ-ը, ակտիվ էին Պարսից ծոցի արաբական միապետությունները, առանձին եվրոպական երկրները, իսկ ԵՄ-ն՝ որպես հավաքական միավոր, մի փոքր հայտնվել էր լուսանցքում, հետևաբար Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը պայմանավորված էր այդ հանգամանքով։ ԵՄ-ն նույնպես փորձում է անմասն չմնալ ազդեցությունների բաշխման գործընթացից»,- ասաց մեր զրուցակիցը։ 

Պատասխանելով այն հարցին, թե Սիրիայի գործող նախագահին կհաջողվի՞ արդյոք հասնել ներքին կոնսոլիդացիայի, թե՞ նա կձախողվի այդ գործում, արաբագետը նշեց, որ դա կախված կլինի մի շարք գործոններից։

«Նախևառաջ դա կախված է աշխարհում և Սիրայում տիրող իրավիճակից։ Այս պահի դրությամբ այդ հարցի պատասխանն ավելի շատ դրական զարգացումների հնարավորություն է կանխատեսում։ Այսինքն՝ գործող նախագահն ավելի շուտ կհաջողի։ Կոնսոլիդացիան լինելու է, բայց շատ տևական, երկարատև ու բավականաչափ նյարդային գործընթացի արդյունքում։ Այդ գործընթացն, այնուամենայնիվ, լինելու է։ Սեղանին դրված է Սիրայի ամբողջ տարածքում ինքնիշխանության վերահաստատման հարցը»,- եզրափակեց Պետրոսյանը։

Հալեպում իրավիճակը սրվել էր հունվարի 6-ին, երբ  «Սիրիայի դեմոկրատական ​​ուժեր» զինված խմբավորումը անօդաչու թռչող սարքեր օգտագործեց կառավարական դիրքերի վրա հարձակվելու համար:

Հրադադարի խախտմանն ի պատասխան՝ սիրիական բանակը ոչնչացրել էր Շեյխ Մակսուդ թաղամասում գտնվող քրդերի կողմից ղեկավարվող զինամթերքի պահեստը, որից հետո Հալեպի մի քանի թաղամասերում սկսվել էր ինտենսիվ փոխհրաձգություն:

Ավելի ուշ Սիրիական բանակը հայտարարել էր Հալեպի Բանի Զայդ, Աշրաֆիե և Շեյխ Մակսուդ  թաղամասերում բոլոր ռազմական գործողությունների դադարեցման և բնակիչների անվտանգ վերադարձի ապահովման մասին։

Հայերեն Русский