Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Երևանում ներկայացրել է ավանդական դարձած «Վիեննա գալա» երեկոն

3 րոպեի ընթերցում

Մայրաքաղաք Երևանում ձմեռային տոնական օրերը վիեննական ամանորյա շնչով լցնելու գեղեցիկ ավանդույթ է ձևավորվել: Հունվարի 11-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահը վերածվել էր Ավստրիայի մայրաքաղաքի վեհաշուք պալատներից մեկին։ Երաժշտասեր հանդիսատեսը հրավիրված էր «Վիեննական գալա» երեկոյի, որտեղ ժամանակը կանգ է առնում, և առօրյա կյանքի եռուզեռը փոխարինվում է ոսկեզօծ ինտերիերի փայլով, պարահանդեսի զգեստների շրշյունով և բացառիկ տոնական կախարդանքով, որը միավորել է աշխարհը շուրջ մեկուկես դար։

Երբ ասում ենք «Վիեննա», մեր ականջներում անմիջապես հնչում է երաժշտություն։ Երբ ասում ենք վիեննական երաժշտություն, նկատի ունենք Շտրաուսների մեծ դինաստիան։ Նրանք էին, որ ստեղծեցին եվրոպական Ամանորի պարահանդեսների երաժշտական ​​կոդը: Նրանց երաժշտությունը ավելին է, քան պարզապես թղթի վրա գրված նոտաներ, այն նրբագեղության, ուրախության և լավագույնի հանդեպ հույսի խորհրդանիշ է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն այդ երեկո կենդանություն հաղորդեց Շտրաուսների լեգենդար գլուխգործոցներին, իրեն հատուկ երաժշտության մեկնաբանության խորությամբ, վառ ու տաք գույներով՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի հմուտ ղեկավարությամբ:

Հնչեցին «Կայծակ և որոտ», «Թրիչ-թրաչ», Ֆրանսիական «Կրակի տոնակատարություն», «Որսի պահին» կրակոտ պոլկաները, որոնք արագացնում են ունկնդրի սրտի բաբախյունը, «Նապոլեոն», «Եգիպտական» հանդիսավոր քայլերգեր, որոնք խփում են պատմության ռիթմը։ Եվ, իհարկե, պարերի արքա՝ «Հնչող ոլորտներ», «Կայսերական», «Երկնագույն Դանուբ» և այլ վիեննական վալսերը, որոնց պտույտի մեջ, կարծես, պտտվում է ինքը տիեզերքը: Համերգն ավանդաբար եզրափակվեց «Ռադեցկի» քայլերգով, որից հետո լեփ-լեցուն համերգասրահը պայթեց անվերջանալի, հոտնկայս ծափահարություններից:

Իսկ երեկոյի պարային հատվածը վստահված էր  «Բարեկամություն» պետական անսամբլի հեզաճկուն աղջիկներին, որոնք էլեգանտ կավալերների ուղեկցությամբ հանդես եկան պարահանդեսային կատարումներով՝ հենց ճեմասրահում:  Մինչ հանդիսատեսն անշտապ վայելում էր ճեմասրահի տոնական, էսթետիկ միջավայրը և պարահանդեսային մթնոլորտը, այն սահուն կերպով տեղափոխվեց դահլիճ. համերգի ժամանակ զույգերը հանդես եկան ևս երկու պարային համարներով:

Հատուկ պետք է խոսել նաև հանդիսատեսի մասին, որը եկել էր գեղեցիկ երեկոյան հագուստով ու հարդարանքով, նրանց շարքերում կհանդիպեիք արվեստագետների, մտավորականների և պետական պաշտոնյաների, ներկա էր նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղական Դանիել Դանիելյանը:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը երկու օր էր, ինչ վերադարձել էր Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում կայացած մասշտաբային շրջագայությունից, որտեղ մեծ հաջողությամբ ելույթ է ունեցել 9 համերգով՝ Չինաստանի գլխավոր քաղաքների հեղինակավոր համերգասրահներում:

 

Հայերեն العربية Русский

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին